Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյանը ներկայացրեց իր ծրագիրը


«Վերջապես պիտի բացվի կինոյի տան դուռը»․ այսպես է վերնագրված Կինոգործիչների միության նախագահի թեկնածուներից Հարություն Խաչատրյանի նախընտրական ծրագիրը:

Լրագրողների հետ հանդիպմանը կինոռեժիսորը հանգամանալիորեն խոսեց նաև Կինոգործիչների միության առաջիկա համագումարի կողմից միության նախագահ ընտրվելու դեպքում առաջնահերթ անելիքների մասին:

Բայց մինչև այդ շեշտեց․ - «Ես ապրում եմ կինոյով, մտածում եմ կինոյով, և իմ լեզուն կինոլեզուն է»:

Անդրադառնալով հայ կինոյի խնդիրներին՝ Խաչատրյանն ասաց․ - «Կինոն բավականին մեծ դժվարությունների մեջ է գտնվում, հայկական կինոն կարծես թե չի շարժվում առաջ: Այնքան էլ քիչ փող չի դրվում կինոարտադրության մեջ, ինչքան մեզ թվում է, որովհետև նույնչափ Վրաստանն է տալիս կինոարտադրությանը փող: Նրանք ստեղծեցին իրենց՝ վրացական կինոտեսակը, Հայաստանում դեռ չի ստեղծվել հայկական կինոտեսակը, որովհետև չկա քաղաքականություն կինոն զարգացնելու, կամ չկա ուղղվածություն, կամ չկա ժամանակ, որպեսզի մենք անդրադառնանք մեր կինոյի տեսակին»:

Հարություն Խաչատրյանը հույս ունի միավորել կինոգործիչներին, համախմբել այնպես, որ բոլորը միասին աշխատեն հայ կինոյի հիմնախնդիրները վճռականապես լուծելու ուղղությամբ և ռեալ արդյունքներ գրանցեն․ - «Կինոմիությունը տալիս է հնարավորություն միավորելու մարդկանց, որոնք ունեն ուժ, ունեն ընդունակություններ ֆիլմեր նկարելու և ունեն ցանկությունը, որպեսզի հայկական կինոն առաջ գնա»:

Նա հույս ունի, որ կինոգործիչների առաջիկա համագումարը ոչ թե կտարաջատի, այլ կհամախմբի գործընկերներին, և եթե անգամ մեկ ուրիշն ընտրվի միության նախագահ, ինքը կկանգնի նրա կողքին և կաջակցի կինոյի հիմնախնդիրները համատեղ ջանքերով լուծելուն․ - «Շատ ենք հետ մնացել կինոյում։ Աշխարհից հետ ենք մնացել, նաև տարածաշրջանից ենք հետ մնացել: Այսօր կինոարտադրությունը առանձին է լրիվ, կինոփառատոնները առանձին են լրիվ, Կինոմիությունը լրիվ առանձին է, և չկա միավորող գաղափար, ուժ կամ նպատակ: Ես կուզեի, որ Կինոմիությունը հավաքեր իր շուրջը բոլորին և մասնակցեր օրենքի կայացմանը, մասնակցեր արտադրությանը, մասնակցեր կինոքննադատների վերջնականապես հավաքվելուն և լուրջ անալիզ անելուն, թե ինչ է նշանակում այսօրվա հայկական կինոն»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է պատկերացնում Կինոգործիչների միության և Ազգային կենտրոնի հարաբերությունները, Խաչատրյանն արձագանքեց․ - «Կինոմիությունը պետք է լինի ամենամեծ պաշտպանը կինեմատոգրաֆիստների և կինոարտադրանքի և կինոարվեստի: Որովհետև բոլոր պետական պաշտոնյաները, որ ստեղծվում են՝ կինոյի հանձնակատար լինի, Կինոկենտրոն լինի, թե ստուդիա լինի, բոլորը ենթարկվում են պետությանը, նրանք չեն կարող դիմադրել պետության քաղաքականությանը, որը այսօր մեզ համար ոչ այնքան նպաստավոր է: Իսկ Կինոմիությունը պետք է ոչ միայն աշխատի հետները, այլ կարողանա դիմադրել, կարողանա բացատրել և՛ օրենքով, և՛ իրավաբաններով, և՛ մեծ բանակով կինեմատոգրաֆիստների կարողանա բացատրել կարևորությունը կինոյի»:

Բացի սոցիալական և իրավաբանական լուրջ պաշտպանվածությունից, կինեմատոգրաֆիստները նաև պայմանագրերով կամ օրենքով իրենց մասնագիտական իրավունքների պաշտպանվածության խիստ կարիքը ունեն․ - «Ինչ որ կա, մնալու է, որովհետև, փառք Աստծո, Ռուբեն Ստեփանիչը շատ լավ զբաղվել է սոցիալական և բժշկական ապահովագրությամբ: Բայց հարցեր կան, որ այսօր դարձել են շատ կարևոր: Առաջինը՝ «Կինոյի մասին» օրենքը: Պետք է ստեղծել պաշտպանվածությունը կինեմատոգրաֆիստների այսօրվա մարտահրավերներից, որովհետև մարտահրավերները շատ վտանգավոր են: Եկել է մի կառավարություն այսօր, որը շատ ուշադրություն չի դարձնում մշակույթին և ստեղծագործողին՝ անցնելով միայն բիզնեսին, անցնելով միայն դրամ վաստակելուն: Եթե Կինոմիությունը այսօր չկարողացավ այդ օրենքների կայացմանը մասնակցել, մեծ վտանգ կա, որ կինոն ընդհանրապես կոչնչանա, որովհետև գնալով դեպի կոմերցիոն կինոն, գնալով դեպի ծառայողական հարթակ ստեղծելը աշխարհի համար՝ երկրորդ պլանի աշխատանք ստեղծելով կինոյի համար աշխարհի, որ հրավիրեն մարդկանց և այստեղ միայն ծառայություններ մատուցեն և փող բերեն Հայաստան, և նրանց բավականին լավ հնարավորություններ են տալիս: Բայց չեն տալիս այդ հնարավորությունները տեղացի արտադրողներին, այսինքն՝ տեղացի արտադրողների կարիքը չունեն»:

Հարություն Խաչատրյանը կտրականապես հերքեց վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը, թե վերևներում արդեն որոշել են, որ հենց ինքն է լինելու Կինոգործիչների միության նախագահը՝ ասելով, թե դրանք «բացարձակ հիմնավոր չեն»․ - «Գալու են կինեմատոգրաֆիստները և ընտրեն: Տա Աստված, որ ընտրեն լավագույնին, ընտրեն նրան, ում հավատում են, որպեսզի կարողանան հետևից գնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG