Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Համանախագահները Երևանում և Բաքվում քննարկելու են նախագահների ապագա հանդիպման օրակարգը»


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա օրերին ժամանելով տարածաշրջան` բանակցությունների նոր փուլ են նախաձեռնելու: Այս մասին երեքշաբթի օրը Բաքվում հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Համանախագահները այս շաբաթավերջին կժամանեն տարածաշրջան: Ուրբաթ օրը նրանք կլինեն Երևանում, իսկ շաբաթ օրը կժամանեն Բաքու: Համանախագահների այցի նպատակն է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ քննարկել պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգը», - հայտարարում էր Մամեդյարովը` հավելելով․ - «Նախագահների հանդիպումից հետո միջնորդները ցանկանում են տրամաբանական արդյունքների հասնել և [կարգավորման] գործընթացը շարժել մեռյալ կետից»:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչեցին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երկօրյա այցով, որի ընթացքում պարբերաբար հայտարարում էր` «Բաքվի և Կիևի հարաբերություններն օրինակելի են»:

«Ամենակարևորը մեր երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գաղափարների փոխադարձ աջակցությունն է: Ես պետք է վերահաստատեմ նաև մեր հետագա անվերապահ աջակցությունն Ադրբեջանին: Որևէ մեկը մեր բարեկամներին այդքան լավ չի հասկանում, որքան մենք, որովհետև թե՛ դուք և թե՛ մենք գործ ունենք մարդկային տառապանքների և օկուպացիայի հետ», - հայտարարում էր Կլիմկինը` նշելով, թե շարքային ուկրաինացին շարքային ադրբեջանցուն շատ լավ է հասկանում, քանի որ «Ուկրաինայում էլ 1 միլիոն 800 հազար ներքին տեղահանված կա»:

«Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել, շուրջ 23 հազար մարդ վիրավորվել է: Մեր երկու պետությունների համար պայքարը Ուկրաինայում ռուսական օկուպացիայի դեմ և պայքարն այստեղ` Ադրբեջանում տեղի ունեցող օկուպացիայի դեմ հիմնարար առաջնահերթություն է», - հայտարարում էր Կլիմկինը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Բաքուն և Կիևը առաջիկայում ևս շարունակելու են համակարգել դիվանագիտական ջանքերը միջազգային ասպարեզում:

«Մեր քաղաքական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ հարաբերություններով: Մենք հենց նոր քննարկում էինք, թե ինչպես ենք աջակցում և հետագայում ինչպես ենք շարունակելու աջակցել միմյանց ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի շրջանակներում», - հայտարարում էր Պավլո Կլիմկինը:

Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ ընդամենը մի քանի օրից Թբիլիսիում կհանդիպեն ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: «Մենք կնշենք ՎՈւԱՄ-ի ստեղծման 20-ամյակը և կքննարկենք տարածաշրջանային զարգացումները», - ասում էր Կլիմկինը:

Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ի դեպ, նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկայում պատրաստվում է Կիև մեկնել:

«Դա լիարժեք պետական այց կլինի: Այժմ մենք գտնվում ենք ժամկետների համաձայնեցման փուլում: Այցի շրջանակներում երկկողմ փաստաթղթերի բավական ծավալուն մի փաթեթ կստորագրվի, որը վերաբերելու է համագործակցության բոլոր ուղղություններին», - նշում էր Կլիմկինը:

Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում ուկրաինացի դիվանագետը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում Կիև կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Այդ մի այցի ընթացքում մի շարք ուշագրավ գաղափարներ ենք քննարկելու», - նշում էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG