Մատչելիության հղումներ

Իրաքն ուժեղացնում է տնտեսական ճնշումները Քուրդիստանի ինքնավարության վրա


Իրաքի իշխանություններն ուժեղացնում են տնտեսական ճնշումներն անկախության հանրաքվե անցկացրած Քուրդիստանի ինքնավարության վրա։

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցնում է դոլար վաճառել Քուրդիստանի չորս բանկերին, ինչպես նաև արգելվում են դրսի փոխանցումները։

Ֆինանսական պատժամիջոցները հաջորդում են Քուրդիստանի միջազգային ավիաչվերթների արգելքին, որը Իրաքը սահմանել է անցած ուրբաթ։

Իրաքի կենտրոնական բանկն ասել է, որ այդ քայլն արվում է, որպեսզի Քուրդիստանի բանկերը գտնվեն Կենտրոնական բանկի վերահսկողության տակ։ Սակայն, Քուրդիստանի պաշտոնյաներն ասել են, որ բանկերը հիմա էլ են հաշվետու Կենտրոնական բանկին, և օդանավակայանները նույնպես ենթարկվում են Իրաքի քաղաքացիական ավիացիային։

Քուրդիստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները քվեարկությամբ հաստատվել են Իրաքի խորհրդարանում։ Խորհրդարանականներն ասել են, որ ֆինանսական պատժամիջոցների թիրախը Քուրդիստանի առաջնորդներն են, այլ ոչ թե ժողովուրդը։

Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում չնայած սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել, սակայն Քուրդիստանը դեռևս անկախություն չի հռչակել։

Իրաքի իշխանությունները մերժել են անկախության հարցը քննարկելու՝ Քուրդիստանի կառավարության առաջարկը։

Բաղդադը չի ընդունում հանրաքվեի արդյունքներն՝ այն համարելով հակասահմանադրական և անօրինական։

Սակայն, Քուրդիստանը հաջորդ քայլ է կատարում. երեքշաբթի օրը քրդական հեռուստաալիքը հայտնեց, որ նոյեմբերի 1-ին Քուրդիստանը նախագահական և խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու։

Քուրդիստանի ընտրական բարձրագույն հանձնաժողովն ասել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, հոկտեմբերի 15-ից պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը, ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG