Մատչելիության հղումներ

Ալավերդու քաղաքապետն ինքն է որոշել չառաջադրվել


Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը
Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը պնդում է, թե նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում իրեն քաղաքապետի թեկնածու չառաջադրելու մասին որոշում կայացնելիս Հանրապետական կուսակցությունը հաշվի է առել իր կարծիքը։

Փարեմուզյանի խոսքով՝ ինքն է որոշել չառաջադրվել՝ այլ աշխատանքի անցնելու համար․ - «Իմ տեղը ո՞վ կարա որոշի»:

2 տարի առաջ քաղաքապետ դառնալիս Փարեմուզյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում թողել էր Սանահինի դեպոյի պետի բարձր վարձատրվող պաշտոնը։ Ասում էր, թե բարձր վարձատրությունն իրեն չի գրավում, անելիքներ ունի քաղաքում։ Ընդամենը երկու տարի անց, ուրիշ ցանկություններ ունի, բայց, չի մանրամասնում, թե հատկապես ինչ աշխատանքի է անցնելու և որտեղ․ - «Երբ որ պաշտոնավարումս կավարտվի, էդ ժամանակ կիմանաք․․․ Ես դժգոհ չէի իմ աշխատանքից, բայց վաղվա աշխատանքը ինձ, իմ ընտանիքի համար ավելի հարմար աշխատանք ա: Ավելի սիրելու ու ավելի բարձր վարձատրվող»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով նաև Հանրապետական կուսակցության մարզային խորհրդի ղեկավարն է, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բավարար է համարում քաղաքապետի աշխատանքը, բայց կուսակցության համար նպատակահարմար էր այլ թեկնածուի առաջադրումը․ - «Պետք է ասեմ, որ գործող քաղաքապետը այլ աշխատանքի տեղափոխման պատճառով թեկնածությունը չի առաջադրում, և մենք ունենք նոր թեկնածու: Մեր թեկնածուն Սասունն է Խեչումյան»:

Նալբանդյանը չբացառեց, որ Փարեմուզյանը կարող է աշխատանքի անցնել «մարզային կառույցներից որևէ մեկում»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք Փարեմուզյանն է հրաժարվել առաջարդվել, թե՞ դա կուսակցության որոշումն է, մարզպետը պատասխանեց․ - «Իր համաձայնությամբ կուսակցությունը որոշում է կայացրել, որպեսզի պաշտպանի այլ թեկնածուի»:

Մինչև անցած շաբաթ Ալավերդիում քննարկում էին գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդիում պղնձաձուլական գործարան շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հնարավոր թեկնածությունները։ Սակայն Հանրապետականը երկու տարբերակն էլ չի ընդունել։ Այսօր թե՛ Լոռու մարզպետը և թե՛ գործող քաղաքապետը հերքում են «Էյ-Սի-Փի»-ի և Կարեն Փարեմուզյանի միջև եղած հակասությունները, սակայն «Էյ-Սի-Փի» ընկերությունը, որը նախորդ տարիներին հանրային աջակցություն է հայտնել այս կամ այն թեկնածուին, 2015 թվականի ընտրություններում Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը պաշտպանող որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Ավելին՝ Փարեմուզյանի ըտրվելուց հետո քաղաքում ընկերության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը դադարեցվել են։

Լոռու մարզպետն ասում է. - ««Էյ-Սի-Փի»-ի գումարների կրճատումը ունեցել է կապ զուտ տնտեսական ճգնաժամի հետ և «Էյ-Սի-Փի»-ի գործունեության հետ: Հիմա չի բացառվում, որ եթե «Էյ-Սի-Փի»-ի ֆինանսական վիճակը բարելավվել է, ընկերությունը սոցիալական ծրագրերը վերականգնի»:

Որպես Ալավերդու քաղաքապետի թեկնածու Հանրապետականը կառաջադրի Սասուն Խեչումյանի թեկնածությունը, ով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանի իրավաբանն էր: Նա մեկուկես տարի առաջ պաշտոն է ստացել մարզպետարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG