Մատչելիության հղումներ

Դատավորը Անդրիաս Ղուկասյանին ցուցմունք տալու հնարավորություն չտվեց


Անդրիաս Ղուկասյանի դատավարությունն այսօր մի պահ վերածվեց պատշտպանական կողմի և դատավորի միջև վիճաբանության։

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ մեղադրվող Ղուկասյանը հայտարարեց, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն դատավորը արգելեց՝ նշելով, որ ամբաստանյալին կլսի վկա ոստիկաններին հարցաքննելուց հետո:

Փաստաբանի պնդմանը, թե դատավորը դրանով Անդրիաս Ղուկասյանին զրկեց ցուցմունք տալու իրավունքից, դատավորն արձագանքեց․ - «Ձեզ թվում ա, թե զրկեցի: Պետք է ղեկավարվենք օրենքով»:

Ղուկասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, թե դատավորը դատախազի պատվերն է կատարում։ Մյուս պաշտպան Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ Ղուկասյանի ցուցմունքից ու ապացույցների հետազոտումից առաջ ոստիկաններին հարցաքննելով՝ դատարանը խախտում է պաշտպանական իրավունքը․ - «Մենք չենք կարող գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում կատարելով վկաներին հարցաքննել, ներկայացնել տեսագրությունը: Օրինակ, ասել՝ որտե՞ս էիք կանգնած, հարգելի վկա, Ազատության հրապարակում, որտե՞ղ էին կանգնած Սարի թաղում»:

Իսկ Ինեսսա Պետրոսյանն ասաց․ - «Ակնառու է, որ Դուք ամեն ինչը կատարեցիք մեղադրողի թելադրանքով: Այս շինծու գործը, որ բերվել է դատարան, և փորձում են ստանալ անօրինական դատական ակտ․․․ Այս պահին նախագահողը ամեն ինչ արեց մեղադրանքի կողմից ցույց տալու համար, որ հա, մենք ձեզ հետ ենք, դատարանը ձեզ հետ է և դատարանը ձեզ կօգնի այդ հարցում»:

Քրեական այս գործում որպես վկա ներգրավված է 51 ոստիկան և երեք տասնյակից ավելի տուժող։ Անցյալ տարվա հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը, ապօրինի որակելով դատավորի գործողությունները, հայտարարեց, որ այս կերպ փորձ է արվում իրեն հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում։

«Հարյուրից ավել մարդ պիտի, ըստ էս ընթացակարգի, հարցաքննվի, մինչև որ գործը հասնի իմ ցուցմունքներին: Դա հավանաբար լինելու է մոտավորապես 2018 թվականին: Ես միտում եմ տեսնում, արհեստական, առանց հիմքերի կալանքի տակ պահելու ինձ, քաղաքական գործունեությունից հեռու պահելու ինձ», - ասաց Ղուկասյանը:

Այդուհանդերձ դատավորը անփոփոխ թողեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Ավելի քան 5 տասնյակ ոստիկաններից որևէ մեկն այսօր դատարան չէր եկել, ու հենց այդ պատճառով նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

Նախքան այդ դատախազը հասցրեց ընթերցել մեղադրական եզրակացությունը՝ պնդելով, որ Անդրիաս Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, մտադիր է եղել ներխուժել ոստիկանության գրավված գունդ։

Անդրիաս Ղուկասյանը չընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Ավելին՝ պաշտպանական կողմը նշեց, որ նախաքննությունը թերի է կատարվել, հատկապես հստակ չէ, թե երբ և որտեղ է սկսվել զանգվածային անկարգությունները։

«Մենք զրկվել ենք նաև պաշտպանության հնարավորությունից: Եթե ասեիք՝ էսինչ ժամին էսինչ գործողություններով սկսվել է, մենք կասեինք՝ տեսագրություն կա, վկա կա, դրա հետ կապված հարցեր կտայինք», - ասաց Մեժլումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG