Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» անդամները բողոքում էին Թբիլիսի ավագանու` սակրեբուլոյի, անցած շաբաթ ընդունած որոշման դեմ, որով Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Tobori Resort ընկերությանն է փոխանցվում Վրաստանի մայրաքաղաքի ամենաթանկարժեք հատվածներում գտնվող երկու հողատարածք:
Առաջին հողակտորը` երկու հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով, գտնվում է Ազատության, նախկին Երևանյան հրապարակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Պուշկինի անվան այգում:
Իվանիշվիլիին պատկանող ընկերությանը ևս 5 հազար քառակուսի մետր է փոխանցվել նաև Նարիկալա բլրի վրա գտնվող Բուսաբանական այգում` միլիարդատիրոջ առանձնատան անմիջական հարևանությամբ:
Թբիլիսիի քաղաքապետարանի պնդմամբ, այս քայլի նպատակը նոր քաղաքաշինական նախագծերին զարկ տալն ու ներդրումներ գրավելն է: Օրինակ,Նարիկալայում առանձնացված հողատարածքում Բիձինա Իվանիշվիլիին պատկանող ընկերությունը պատրաստվում է Panorama Tbilisi անվանումը կրող մի թաղամաս կառուցել, որտեղ հիմնականում հինգաստղանի հյուրանոցներ են կենտրոնացած լինելու:
«Մեր պահանջն անփոփոխ է: Թբիլիսիի քաղաքապետարանը պետք է հրաժարվի կյանքի կոչել այս որոշումը, որով օտարվում և գործնականում նվիրաբերվում են Պուշկինի զբոսայգին և Բուսաբանական այգուն հարող տարածքները: Բողոքի ակցիայի ընթացքում մեր վեց զինակիցները բերման ենթարկվեցին, նրանցից երկուսի նկատմամբ ոստիկանությունը բռնություն էր կիրառել, ինչի հետևանքով նրանք այժմ հիվանդանոցում են գտնվում: Այս ամենի հետևանքով «Ազգային միացյալ շարժումը» անցնում է բողոքի գործողությունների ռեժիմին: Մենք ամենօրյա ռեժիմով ենք պայքարելու Թբիլիսիի տարածքների վերադարձի համար, որպեսզի դրանք հերթով, մեկը մյուսի հետևից չնվիրաբերվեն Բիձինա Իվանիշվիլիին», - հայտարարել է Ազգային միացյալ շարժան քաղաքապետի թեկնածու, հայտնի հեռուստահաղորդավար Զաալ Ուդումաշվիլին:
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 21-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների համոզմամբ, հենց առաջիկա ընտրություններն ու Ազգային միացյալ շարժման թեկնածուի ցածր վարկանիշն են պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սրել իրավիճակը: Այսօր կայացած Կառավարության նիստում նման հայտարարություն է արել, մասնավորապես, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Անկեղծ ասած, ես դժվարանում են հստակ անվանում տալ այն ամենին, ինչ կատարվում է: Դա քաղաքական և մարդկային անազնվության վառ դրսևորում է: Այդ մարդիկ անցել են չափ ու սահմանը: Ես այդ գործողությունների կազմակերպիչներին նույնիսկ քաղաքական գործիչ անվանել չեմ կարող, քանի որ նրանք ակնհայտորեն մնացել են անցյալում. սնանկ քաղաքական գործիչներ ու սնանկ քաղաքական ուժեր, որոնք փորձում են իրենց վրա ուշադրություն սևեռել` ստեր տարածելով և անազնիվ պահվածքով», - ասել է Կվիրիկաշվիլին:
Անդրադառնալով վեճի բուն առարկային` մեկ լարիով հողատարածքների փոխանցմանը Բիձինա Իվանիշվիլիին պատկանող ընկերությանը՝ Վրաստանի վարչապետը պնդել է, որ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել․ - «Պուշկինի այգու հարակից տարածքում այդ ընկերությունը քաղաքի համար շատ մեծ կարևորություն ունեցող ավտոկայանատեղի է կառուցելու»:
Ինչ վերաբերում է Նարիկալա բլրին հարող տարածքին, ապա քաղաքի այդ հատվածը, Վրաստանի վարչապետի պնդմամբ, «այսօր իրենից անապատ է ներկայացնում և Իվանիշվիլին այն պատրաստվում է կանաչապատել»: