Միացյալ Նահանգներն այսօր կարող է ընդունել Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան աշխատակիցների մեծ մասին արտաքսելու որոշում: Ենթադրվում է, որ Կուբան ստիպված կլինի 60 տոկոսով կրճատել դիվանագետների թիվը:
Պետական դեպարտամենտը Հավանայից հետ է կանչել ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մեծ մասին այն բանից հետո, երբ նրանք ենթարկվել են չպարզված տեսակի հարձակումների:
Փորձագետների փոխանցմամբ, դրանք գուցե «ակուստիկ գրոհներ» են՝ որոշակի հաճախության վրա արձակված թիրախային ձայնային ազդանշաններ, որոնք տհաճ և վնասակար ազդեցություն են գործում մարդու առողջության վրա, մասնավորապես, առաջացնելով լսողության կորուստ, սրտխառնոց, գլխացավ, ընդհանուր ֆիզիկական և հոգեկան թուլություն:
Ամերիկացի 21 դիվանագետներ արդեն ենթարկվել են առեղծվածային գրոհների և դիմել են բուժօգնության:
Կուբան կտրականապես հերքում է ամերիկացի դիվանագետներին այդօրինակ հարձակումների ենթարկելու մեղադրանքը:
Միացյալ Նահանգները և Կուբան 2015 թվականին են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք:
Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց կոշտ է արտահայտվում Հավանայի վարած քաղաքականության մասին: