Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները հուսով են, որ ՍԴ-ն կգտնի հանգուցալուծումը


Վանաձորի ավագանու ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները սպասում են այս ամսվա վերջին Սահմանադրական դատարանում տեղի ունենալիք նիստին, որտեղ կքննարկվի Վանաձորում առանց ընդդիմության կայացած ավագանու նիստերի օրինականության հարցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը այսօր Վանաձորում կազմակերպած քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց, թե ավագանու նիստերի մեկ տարի շարունակված բոյկոտը Սահմանադրական դատարանում իր հանգուցալուծումը կգտնի։

«Սահմանադրական դատարանով հանգուցալուծման սպասելիս, բնականաբար, ոչ մեկը չի պատկերացնում կամ չի ակնկալում, որ չորս տարի ևս շարունակ պետք է բոյկոտել ավագանու նիստերը, որովհետև այդ բոյկոտը ինքնանպատակ չի, թեև հստակ քայլեր ունի իր առաջ դրած։ Բոլորս ենք ակնկալում, որ կլինի էդ հանգուցալուծումը, և մենք դրանից հետո կունենանք այլ իրավիճակ», - ասաց Մարուքյանը։

Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններով ձևավորվեց բազմակուսակցական ավագանի։ Ընդդիմադիր կուսակցություններն ավելի շատ ձայներ ստացան, սակայն իշխանական կուսակցությունների առաջադրած թեկնածուն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ։

Արդեն մեկ տարի այս հանելուկը չի լուծվում. հայտնի չէ, թե ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ո՞ր 4 անդամները դեմ գնացին իրենց մյուս կուսակիցներին և կողմ քվեարկեցին իշխանության թեկնածուին։

Սակայն իրենց ընդդիմադիր հռչակած 3 խմբակցությունների մեկ տարի շարունակվող բոյոկտի պայմաններում անցած 6 ամիսներին տեր են գումարում և որոշումներ ընդունում։

Քրիստ Մարուքյանն ասում է, որ իշխանական կուսակցությունները նիստեր գումարելիս օգտվել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եղած հակասությունից, որն էլ հենց վիճարկում են Սահմանադրական դատարանում․ - «Տարվա կեսից սկսել նիստեր գումարել և հաստատել իրավական ակտ հանդիսացող փաստաթղթեր, դրա իրավասությունը գոնե օրենքով հաստատ չուներ ավագանին: Բայց նմանատիպ քայլերի միջոցով պարզ է դառնում, որ կա էդ որոշումների մեջ լեգիտիմության պակաս, և էդ հակասությունը հնարավորինս շատ օգտագործելով, մենք խնդիրներ ենք ունենում մնացած հարթությունների մեջ՝ լիարժեք պատասխանատվության խնդիր ենք ունենում»:

Մինչդեռ Հանրապետական խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը պնդում է, թե ավագանու կեսից քիչ անդամների ներկայությամբ նիստեր գումարելով իրենք որևէ օրենք չեն խախտում․ - «Այստեղ խնդիրներ կան, բայց օրենքը գործում է, և մենք ենթարկվում ենք այդ օրենքին»:

Ավագանու Հանրապետական խմբակցության անդամները նշեցին, որ ընդդիմադիրների բացակայությամբ տեղի ունեցող նիստերն, այնուամենայնիվ, ավելի քիչ արդյունավետ են, քան կարող են լինել նրանց ներկայության պայմաններում։

Խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը հարց ուղղեց ընդդիմադիրներին․ - «Քաղաքի շահը կշահե՞ր, որ դուք գայիք նիստերին․․․ Էնբաները, որ առանց «Լուսավոր Հայաստանի» կարծիք հայտնելու տեղի կունենային պարզապես շատ սահուն, հիմա տեղի չեն ունենում, կամ տեղի են ունենում հազար ու մի բացատրություններ և հիմնավորումներ ներկայացնելով: Այսինքն էդ հանրային ճնշումը եկել ա փոխարինելու մեր ավագանու ձեռք բարձրացնելուն կամ քվեարկությանը»:

Մինդեռ, ավագանիում 10 մանդատ ունեցող «Լուսավոր Հայաստանի» անդամները պնդում են, իրենց բոյկոտն հօգուտ ժողովրդավարության է, և որ նիստերին չներկայանալով, իրենք կատարում են ավագանու՝ օրեքով վերապահված մյուս բոլոր պարտավորությունները առավելագույն արդյունավետությամբ. ընտրողների հետ պարբերաբար հանդիպում են, այցելում համայնքային ենթակայության հիմնարկներ, գրություններով դիմում պատկան մարմիններին ու խնդիրներ բարձրաձայնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG