Մատչելիության հղումներ

Կումուրդոյի ծեծկռտուքը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա․ Բաղդասարյան


ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Ախալաքալակի շրջանի Կումուրդո գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքը չի կարող ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա»: «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, շեշտելով՝ հայկական խաչքարի տեղադրման հարցն առաջիկայում կլուծվի:

Հիշեցնենք՝ Կումուրդոյի եկեղեցու տարածքում խաչքար տեղադրելու հարցի շուրջ վիճաբանություն, ապա ծեծկռտուք էր տեղի ունեցել տեղի հայերի և ոստիկանության ներկայացուցիչների միջև: Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «Ախալքալակի շրջանի Կումուրդո գյուղում տեղի բնակիչները փորձել են մտնել ոստիկանության կողմից պահպանվող հուշարձանի տարածք: Ոստիկանները թույլ չեն տվել, որից հետո տեղի բնակիչների մի մասը սկսել է դիմադրել և քարեր նետել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ»:

Ախլքալակում գործող «J news» կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը, ով միջադեպի ժամանակ դեպքի վայրում է եղել, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գյուղի կանայք փորձել են եկեղեցու տարածք մտնել և մոմ վառել: «Ոստիկանությունը բնակչությանն արգելում էր մտնել եկեղեցու տարածք: Բախումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կանայք փորձում էին մոմերով ներս մտնել, մոմ վառել, աղոթել և դուրս գալ»,- պատմեց լրագրողը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ տեղի ունեցածն ազգամիջյան խնդիր չէ, այլ ընդամենը քաղաքացիների միջև ծագած վեճ: Ընդ որում, ըստ Բաղդասարյանի, եկեղեցին, որի շուրջ թեժացել են կրքերը, ոչ թե առաքելական է, այլ քաղկեդոնական: «Այնտեղ շինարարություն կատարելու ժամանակ, բնականաբար, գերեզմանների հետ կապված խնդիր է առաջացել: Այնտեղ խառը գերեզմանոց է եղել: Երբ ուսումնասիրություններ են կատարվել, նաև իրենց [հայ բնակիչների] նախնիների ոսկորներն են գտնվել:

Հայկական կողմից առաջարկություն է եղել, որ այդ գերեզմանների ոսկորները վերահուղարկավորվեն եկեղեցու տարածքում, և խաչքար տեղադրվի: Կարծես եկել են ընդհանուր համաձայնության, որ հոկտեմբերի 21-ին այնտեղ տեղի ունենալիք մունիցիպալ ընտրություններից հետո այդ տեղադրումը կլինի: Հետո պայմանավորվածությունների ինչ-որ խախտում է եղել, փորձ է կատարվել տեղադրել, և այդտեղ երկու կողմերն իրար մի քիչ չեն հասկացել ու վիճաբանություն է առաջացել: Երիտասարդներ են եղել, բավական տաքարյուն, և այդ վիճաբանությունը մի քիչ տհաճ հետևանքներ է ունեցել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ այժմ վրացական գյուղում կրքերը հանդարտվել են, միջադեպին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը, երկու երկրների խորհրդարանականները: Առաջիկայում խաչքարի տեղադրման հարցը կքննարկեն նաև 2 երկրների հոգևորականները:

«Բնականաբար, այստեղ և՛ մեր խորհրդարանական կապերն են աշխատել, և՛ արտգործնախարարությունները: Կարելի է ասել՝ երկու պետությունների միջև կայացավ համաձայնություն, որ հանդարտեցվի: Իրոք [իրադրությունը] հանդարտվեց, և հիմա հոգևոր դաշտում է գտնվում: Մեր Վեհափառի հանձնարարությամբ սրբազանը պետք է մեկնի Թբիլիսի, այնտեղ հանդիպի Պատրիարքի հետ, և ինձ թվում է՝ արդեն կա նախնական համաձայնություն, ինձ թվում է՝ այդ խաչքարը կտեղադրվի:

Նման միջադեպեր լինում են, սա առաջին դեպքը չի: Դա ոչ թե եղել է պաշտոնատար անձանց վիճաբանություն, այլ քաղաքացիների վիճաբանություն, հայերի և վրացիների միջև: Ինձ թվում է՝ մեր բարեկամության վա դա չի կարող ազդել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, որ խաչքարի տեղադրման կոնկրետ ժամկետները պետք է հստակեցվեն հոգևորականների բանակցությունների արդյունքում:

Վահրամ Բաղդասարյանն ասաց նաև, թե Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ավելի ակտիվորեն գործել: Հայաստանյան մամուլում տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են ագրեման տրամադրել (համաձայնություն տալ)՝ «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար: Ըստ ԶԼՄ-ների, այդպիսով, ըստ էության, Թբիլիսին հայտարարում է, որ Մինասյանն իրենց համար անցանկալի անձ է:

Մասնավորապես, «Ժամանակ» օրաթերթի դիտարկմամբ՝ Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ վերջինս ներկայացնելու է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերը: «Մենք այնտեղ ունենք դեսպան, որն աշխատում է, ունի առողջական խնդիրներ և այդ պատճառով չի կարողանում ակտիվություն ցուցաբերել: Հիմա ես չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հավելելով, թե Մինասյանին ագրեման չտրամադրելու վերաբերյալ տեղեկության չի տիրապետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG