Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ուկրաինայի մեղադրանքները, թե ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտից հետո Ռուսաստանը հետ չի քաշել իր բոլոր զորքերը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը սեպտեմբերի 30-ին հայտարարություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասել է, որ «Запад -2017» համատեղ ռազմավարական զորավարժություններին մասնակցած Ռուսաստանի բոլոր զորամիավորումները վերադարձել են իրենց մշտական տեղակայման դիրքերը:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն նախօրեին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը իր զորքերի մի մասը թողել է Բելառուսի արևմտյան շրջաններում:
Ռուս-բելառուսական «Запад -2017» համատեղ զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 14-20-ը: Նախապես հայտարարվել էր, որ զորախմբերն ու ռազմական տեխնիկան իրենց զորանոցներն են վերադառնալու մինչև սեպտեմբերի 30-ը: Արևմուտքը կասկածում է, որ զորավարժություններին շատ ավելի մեծաթիվ զորքեր են մասնակցել, քան Մոսկվան և Մինսկը պաշտոնապես հայտարարել են: