Մատչելիության հղումներ

Կատալոնիայի հանրաքվեի ճակատագիրը մշուշոտ է. ոստիկանները փակել են ընտրատեղամասերը


Հազարավոր կատալոնացիներ պատրաստվում են մասնակցել հանրաքվեի, որտեղ քվեարկության է դրված Իսպանիայից անջատվելու հարցը: Պաշտոնական Մադրիդը հանրաքվեն «անօրինական» է որակել և սպառնացել է տապալել դրա անցկացումը:

Ոստիկանությունը սեպտեմբերի 30-ին արգելափակել է տարածաշրջանի բոլոր դպրոցները, որտեղ պետք է անցկացվեր հոկտեմբերի 1-ի քվեարկությունը: Բացի այդ, իրավապահներն անցած օրերի ընթացքում առգրավել են ավելի քան 10 միլիոն քվեաթերթիկ:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, չնայած սպառնալիքներին` ընտրատեղամասեր են բերվել քվեատուփեր: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն անցկացնելու նպատակով ընտրողներին կթույլատրվի օգտագործել տնային պայմաններում տպագրված քվեաթերթիկներ:

Հանրաքվեի բազմաթիվ աջակիցներ դիրքավորվել են դպրոցներում, նրանցից շատերը ընտանիքներով, երեխաների հետ գիշերել են այստեղ` փորձելով իրենց ձեռքում պահել ընտրատեղամասերը մինչև քվեարկության մեկնարկը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 1-ին` վաղ առավոտյան, մինչ կատալոնացիները հերթ էին կանգնում քվեարկելու, շուրջ 30 ոստիկանական միկրոավտոբուսներ և այլ մեքենաներ հեռացել են Բարսելոնայի նավահանգստից, որտեղ դրանք տեղակայված էին:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն աննախադեպ սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում, մտահոգություններ կան, որ Մադրիդի ու Բարսելոնայի միջև հակասությունները կարող են բախումների պատճառ դառնալ:

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը սեպտեմբերի 30-ին հակասահմանադրական է որակել հանրաքվեն և հայտարարել, որ հանրաքվեներն առհասարակ դարձել են «բռնապետների նախընտրած գործիքը» և հակասում են Եվրոպական միության «նպատակներին և իդեալներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG