Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խոչընդոտում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը


Այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվում: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները խոչընդոտում են հանրաքվեի անցկացմանը՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական:

Վերջին օրերին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Կատալոնիայում: Իսպանիայի գերագույն դատարանը արգելել է հանրային շենքերը օգտագործել որպես ընտրական տեղամասեր: Ոստիկանությունը Բարսելոնայում և այլ քաղաքներում փակել է ընտրատեղամասերի մուտքերը: Նրանք ընտրողներին չեն թույլատրում քվեարկել, առգրավում են քվեատուփերը:

Չնայած Մադրիդի քայլերին, դեռ գիշերվանից հազարավոր կատալոնցիներ հերթ էին կանգնել ընտրական տեղամասերի մոտ: Մի շարք տեղամասեր առավոտյան այնուամենայնիվ բացվել են: Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հաջողվել է քվեարկել բացված տեղամասերից մեկում: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել բացված ընտրատեղամասերից որևէ մեկը:

Ոստիկանների և քվեարկողների միջև քաշքշոց է տեղի ունեցել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ:

Կատալոնիայում շուրջ 5 միլիոն 300 հազար մարդ ընտրելու իրավունք ունի: Նրանց մի մասը դեմ է անկախությանը և չի մասնակցում հանրաքվեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG