Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի առողջապահության նախարարը հրաժարական է տվել


Թոմաս Փրայս, արխիվ
Թոմաս Փրայս, արխիվ

ԱՄՆ-ի առողջապահության նախարար Թոմաս Փրայսը ուրբաթ օրը հրաժարական է տվել մասնավոր և ռազմական ավիաչվերթները իր ծառայողական նպատակներով օգտագործելու սկանդալի պատճառով: Վերջին օրերին նա մամուլի խիստ քննադատության տակ էր:

Սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Politico հանդեսում հրապարակվեց նախարարության գլխավոր վերստուգիչ մարմնի հաշվետվությունը, որից պարզ դարձավ, որ նախարարի դեպի Եվրոպա, Աֆրիկա, ինչպես նաև ներքին թռիչքները ամերիկացի հարկատուների վրա շուրջ 500 հազար դոլար են նստել: Մի քանի անգամ նախարարին ուղեկցել է նրա կինը:

Ըստ ամերիկյան օրենքների՝ պետական ծառայողները, ներառյալ նախարարները, իրենց ուղևորությունների համար պետք է ընտրեն էժան տարբերակները՝ բացառությամբ հրատապ և արտակարգ դեպքերի:

Թոմաս Փրայսը հինգշաբթի ասել է, թե կփոխհատուցի պետությանը պատճառած 52 հազար դոլարի վնասը, բայց նրա խոսքերից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր նրան:

«Առողջապահության քարտուղարն այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել, որը նախագահն ընդունել է», - երեկ հայտնել է Սպիտակ տունը: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Դոն Ռայթը:

Ըստ մամուլի՝ Թրամփը դժգոհ էր նախարարից: Նա հույս ուներ, որ արհեստավարժ բժիշկ Փրայսը, ով նախկինում 12 տարի Կոնգրեսի անդամ էր, կկարողանա համոզել օրենսդիրներին՝ ապամոնտաժելու նախկին նախագահ Բարաք Օբամայի ներդրած առողջապահական համակարգը, ինչը տեղի չունեցավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG