Մատչելիության հղումներ

Ռուսերենի հանրայնացման առանձին հայեցակարգի հարցը ՀԽ-ում բուռն բանավեճեր հարուցեց


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Ռուսաց լեզվի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակման՝ կառավարության նախաձեռնությունն այսօր բուռն բանավեճի առարկա դարձավ Հանրային խորհրդում։ Մինչ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փորձում էր պաշտպանել նախաձեռնությունը, նրան հակադարձում և քննադատության էին ենթարկում խորհրդարանի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ոչ ոք չի վիճում, որ ռուսերեն լեզուն պետք է սովորել: Պետք է առանձնացնե՞լ մյուս լեզուներից: Եթե մենք առանձնացնում ենք ռուսերենը, պետք է առանձնացնենք անգլերենը: Այստեղ կա նաև քաղաքական բան․ մենք ստորագրել ենք ԵՏՄ մտնելու [պայմանագիր], հիմա ստորագրում ենք Եվրոպայի հետ, մենք քաղաքականության մեջ վարպետորեն կարողանում ենք այդ երկու ճամբարի մեջ խաղալ: Ինչու՞ էստեղ առանձնացնել ռուսերեն լեզուն»,- հարց հնչեցրեց Վազգեն Մանուկյանը:

Մտահոգություն հնչեց, որ այդպիսով փորձ է արվում ռուսներին հաճոյանալ, կամ էլ հենց Ռուսաստանն է ստիպում մշակել այդ հայեցակարգը։ Կրթության նախարարն ասաց, որ նման հայեցակարգ նաև անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի համար են կազմել, պարզապես դրանք միասին են ներկայացրել, իսկ ռուսերենինը՝ առանձին։ Ռուսերենի հայեցակարգում, հիշեցնենք, մասնավորապես, նշված է․ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», իսկ «ռուսաց լեզվի հանրայնացումը և ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

Մկրտչյանը վստահեցրեց, որ բարձրացված աղմուկն անհիմն է՝ ռուսերենն օտար լեզու է և դրա դասավանդումը ոչնչով չի տարբերվելու, օրինակ, անգլերենից։ «Հաճոյանալու խոսք ընդհանրապես չկա ․․․ ռուսերեն լեզուն օտար լեզուների բլոկի մեջ է»,- ասաց նախարարը: Նա հորդորեց հարցը չքաղաքականացնել, ինչը զայրացրեց ներկաներին, որոնք պնդեցին՝ հարցը քաղաքական է։ Արշակ Սադոյանը հարց ուղղեց՝ ի վերջո Հայաստանի ապագան Եվրասիակա՞ն, թե Եվրոպական միությունում է, քանի որ նաև դրանից է կախված՝ որ լեզուն պետք է ավելի խորացված դասավանդվի։ Նախարարը հակադարձեց՝ իր կարծքով ապագայում եվրասիական ու եվրոպական դաշտերը միավորվելու են:

Նաև մտահոգություններ հնչեցին, որ այս ձևով Հայաստանը կրկին վերադառնում է խորհրդային ժամանակներին: Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն ասաց՝ իրենք դեմ չեն ռուսերենի դասավանդմանը, բայց այն մյուս օտար լեզուներից առանձնացնելը մտահոգիչ է։ «Որ տարբեր ձևերով ուզում եք տալ ինչ-որ մի կարգավիճակ, այ դա է, որ հասարակությանը հավասարակաշռությունից հանում է»,- ասաց Բախշյանը:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ ասաց, թե ռուսերենը Հայաստանի համար «մշակութային» նշանակություն ունի, մեկ ուրիշն էլ պնդեց՝ հայկական բանակի զենքերը ռուսական են, ուստի դրանց օգտագործման համար լեզուն կարևոր է: Այդ պնդումը ևս բուռն բանավեճի առիթ դարձավ: Հարցը քվեարկության չդրվեց, քննարկման մասնակիցները նախարարին խորհուրդ տվեցին ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելուն զուգահեռ նաև անգլերենի հայեցակարգ մշակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG