Մատչելիության հղումներ

Չնայած Բաղդադի ձեռնարկած միջոցներին, Երևան-Էրբիլ ավիաթռիչքները շարունակվում են


Էրբիլի միջազգային օդանավակայանը, արխիվ
Էրբիլի միջազգային օդանավակայանը, արխիվ

Չնայած անկախության հանրաքվեից հետո Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, Հայաստանը չի դադարեցրել ավիաթռիչքները դեպի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ: ժամեր առաջ «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը Երևանից ուղևորվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք:

Նշենք՝ պաշտոնական Բաղդադը զգուշացրել էր, որ եթե մինչև ուրբաթ Էրբիլի և Սուլեյմանիեի օդակայանները չանցնեն երկրի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ, ապա Բաղդադը կարգելափակի մուտքը Իրաքյան Քուրդիստանի օդային տարածք: Տարծաշրջանի մի շարք երկրներ՝ Թուրքիան, Իրանն ու Լիբանանն արդեն հայտարարել են, որ հետևելու են Բաղդադի որոշմանը և կասեցնելու են դեպի Քուրդիստան ավիաթռիչքները:

Մինչդեռ, ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց շաբաթը մեկ անգամ Երևանից դեպի Էրբիլ չվերթներ իրականացնող՝ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, իրենց չվացուցակներում այս պահին որևէ փոփոխություն չի կատարվել: Ուշագրավ է, որ Երևանից դեպի Էրբիլ չվերթները սովորաբար իրականացվում են շաբաթ օրերը, սակայն, ինչպես նշեց «Արմենիայի» փոխտնօրենը, թռիչքն իրականացրել են մեկ օր շուտ, այսինքն՝ այսօր:

«Մենք որևէ դիմում չենք ստացել և այս պահին չվերթների մեջ, չվացուցակի մեջ որևէ փոփոխություն չկա, այսինքն՝ ամեն ինչ ընթանում է ծրագրվածի նման: Ժամը 13:30-ին չվերթն իրականացվել է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հոհվաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ քանի դեռ Իրաքայն Քուրդիստանի օդային սահմանը փակելու հետ կապված վերջնական որոշում չկա, ապա Երևանից դեպի Էրբիլ չվերթները շարունակվելու են: «Եթե օդային սահմանը փակ լինի, բնականաբար, որոշում կկայացվի՝ շարունակե՞լ թռիչքները, թե ոչ: Եթե նոր տեղեկություններ լինեն, կփոխանցենք: Ամեն դեպքում՝ ավիաընկերությունն ինքը նաև պետք է որոշի: Այս պահի դրությամբ իրենք շարունակում են [չվերթները]»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Էրբիլ չվերթներ է իրականացնում այս տարվա հունիսից: Ինչպես նշեց ընկերության փոխտնօրենը, անցած մի քանի ամիսները ցույց տվեցին, որ դեպի Իրաք իրականացվող չվերթների պահանջարկ կա, այդ ուղղությունից օգտվողները Իրաքի քաղաքացիներն են, ինչպես նաև «մեր համերկրացիները»:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և Իրաքի միջև իրականացվող առևտրաշրջանառության վրա Էրբիլի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներն ու Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքի արգելափակումը, Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» այս հարցին: Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Իրաքի հետ Հայաստանի առևտուրն այս տարվա առաջին 8 ամիսներին կազմել է գրեթե 81 միլիոն դոլար:

Սամվել Ալեքսանյան, արխիվ
Սամվել Ալեքսանյան, արխիվ

Ի դեպ, այսօր Հայաստանի Ազգային ժողովի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ևս խնդրեցինք գնահատել՝ ի՞նչ ազդեցություն կունենա Իրաքյան Քուրդիստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հայաստանցի գործարարների վրա: Սամվել Ալեքսանյանի պատասխանն էր․ «Լավ կլինի ճանապարհները բաց լինեն, մեր ժողովուրդն էլ աշխատի»։

Անդրադառանալով Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված իրավիճակին, իրանագետ Վարդան Ոսկանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Էրբիլի իշխանությունները Բաղդադի կողմից այդչափ կոշտ քայլեր չէին սպասում, իսկ դրանք միտված են ամբողջությամբ շրջափակելու Քուրդիստանի տարածաշրջանը:

Վարդան Ոսկանյան, արխիվ
Վարդան Ոսկանյան, արխիվ

Ըստ նրա, կիրառվող պատժամիջոցներն առնչվելու են ինչպես ավիաթռիչքներին, այնպես էլ բանկային համակարգին: Ոսկանյանը չբացառեց, որ Բաղդադը նաև ռազմական գործողությունների դիմի, սակայն դա դեռևս չի նշանակում պատերազմի ծավալում: Խնդիրն այն է, որ Իրաքի խորհրդարանը Բաղդադի իշխանություններին լիազորել է զորամիավորումներ մտցնելՔիրկուկ, որը համարվում է վիճելի տարածք և շատ կարևոր նշանակություն ունի Քուրդիստանի համար, քանի որ այնտեղ է գտնվում Իրաքի նավթային պաշարների զգալի մասը:

«Ըստ էության մենք գործ ունենք իրավիճակի աննախադեպ լարման հետ: Լարում, որի լուծման ճանապարհը կարող է լինել Բաղդադի հետ բանակցությունները, սակայն մի կարևոր նախապայմանով․ առայժմ Բաղդադի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են բանակցել անկախություն հասկացության շուրջ:

Այլ խոսքով, եթե Էրբիլը ցանկանում է բանակցությունների փուլ սկսել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, ապա պետք է հրաժարվի նույնիսկ անկախություն բառից, ինչն անելը չափազանց բարդ կլինի: Ամենավատ սցենարը կլինի Բաղդադի իշխանությունների և Էրբիլի միջև ռազմական բախումները: Դա չի բացառվում, որովհետև քրդական կողղմն էլ է հանդես գալիս կոշտ դիրքորոշումներով, հատկապես Քիրկուկ իրաքյան զորքի և կամավորականների մուտքի կապակցությամբ: Դա կլինի վատագույն սցենարը, և կարծում եմ, որ կողմերը պետք է հնարավորինս խուսափեն նման զարգացումներից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Երվանդ Ամինյան
Երվանդ Ամինյան

Ի դեպ, «Ազատությանն» այսօր հաջողվեց կապ հաստատել նաև Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Երվանդ Ամինյանի հետ: Վերջինս «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրավիճակն իրենց տարածաշրջանում առայժմ կայուն է, միակ խնդիրն այն է, որ արդեն այսօր երեկոյան ժամը 18-ից դադարեցվելու են միջազգային թռիքչները, ասաց հայազգի պատգամավորը: Նրա համոզմամբ՝ այդ սահմանափակումը կտևի, ամենայն հավանականությամբ, 2-ից 3 օր, և կողմերը կկարողանան բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG