Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով դատավարությանն ավարտվեց վկաների հարցաքննության փուլը


Նորքի զինված խմբի գործով դատական նիստին հարցաքննվող վերջին վկան՝ Իշխան Քիշմիրյանը այսօր հայտարարեց, թե Սփյուռքի ճնշման տակ էր Արթուր Վարդանյանը պատկերացնում իշխանափոխությունը:

Վկան ասաց, թե ամբաստանյալներից մի քանիսի՝ այդ թվում զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ իր ծանոթությունը «պատմամշակությանին նախաբան է ունեցել»:

Քիշմիրյանը պատմեց, թե հեռուստանախագիծ է ունեցել․ նկարահանումներ պետք է իրականացներ Արևմտյան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Իրանում: Ֆիլմը ֆինանսավորելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է գործով մեղադրալ Արա Պողոսյանի հետ, վերջինիս միջոցով՝ Արթուր Վարդանյանի հետ:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Հայաստանում բռնությամբ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցած այս խումբը, որի ղեկավար է համարվում Արթուր Վարդանյանը, ծրագրել էր պայթեցնել նախագահի ինքնաթիռն ու գրավել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Նախագահի նստավայրի ու Հանրային հեռուստաընկերության շենքերը: Վկան ասաց, որ ոչինչ չի իմացել զինված խումբ ստեղծելու մասին, իսկ իշխանափոխության մասին կարծիք «օրը 500 անգամ լսում է» և լուրջ չի վերաբերվել Վարդանյանի այս խոսքերին:

Քիշմիրյանը պատմեց, որ ֆիլմի ստեղծման թեմայից Վարդանյանը հաճախ էր շեղվում և անցնում քաղաքական թեմաների: Դատախազ Գևորգ Սարգսյանի ճշտող հարցերին վկան պատասխանում էր, թե Վարդանյանը խոսել է Սփյուռքի ուժերի ճնշման տակ իշխանափոխության մասին, դժգոհել է արտերկրում Հայաստանի դեսպանատների կոռումպացված լինելուց, ասել է, թե 37 երկրների հետ հակաահաբեկչական կոալիցիա է կազմելու, կարծիք է հայտնել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվե անելու փոխարեն անհրաժեշտ է Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե կազմակերպել:

«Ինքը ասել ա, որ և՛ սփյուռքն ա ոտքի կանգնել, և՛ Հայաստանում իրենք ունեն լուրջ հենարաններ, որ Պաշտպանության նախարարությունը իրենց հետ ա, որ ամբողջ Արցախը իրենց հետ ա, և դա ստիպված իշխանությունները անելու են, որովհետև այլ տարբերակ չի լինելու», - ասաց վկան։

Վարդանյանի հետ նախավերջին հանդիպման ժամանակ վկան արդեն լուրջ կասկածներ է ունեցել, թե նա կտա հեռուստանախագծի համար խոստացված 20 հազար եվրոն՝ ասելով․ - «Ֆիլմի մասին քիչ էր խոսում, հիմնականում քննադատում էր իշխանություններին»:

Վկաների հարցաքննությունն այս փուլում ավարտվեց: Հաջորդիվ ապացույցների հետազոտման փուլն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG