Մատչելիության հղումներ

Այվազովսկու կտավը՝ ռուս-ուկրաինական մշակութային պայքարի կենտրոնում


Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ Ուկրաինայի թողարկած նամականիշ, հուլիս, 2017թ․
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ Ուկրաինայի թողարկած նամականիշ, հուլիս, 2017թ․

Լուսնկա գիշերով խաղաղ ծովը պատկերող Հովհաննես Այվազովսկու կտավը հայտնվել է ռուս-ուկրաինական մշակութային փոթորկոտ պայքարի կենտրոնում․ France-Presse-ը այսպես է սկսում իր նյութը՝ պատմելով Ղրիմի արվեստի նմուշների շուրջ ռուս-ուկրաինական վիճաբանության մասին:

Անցած ամիս Կիևի դիմումի հիման վրա Ինտերպոլը Այվազովսկու այս գլուխգործոցը, ինչպես նաև Իվան Շիշկինի և Իսահակ Լևիտանի շուրջ հինգ տասնյակ կտավներ ներառել է արվեստի գողացված նմուշների ցանկում: Կիևը պնդում է, որ այս կտավների հավաքածուն, որի արժեքը մոտավորապես 1 միլիոն 300 հազար դոլար է գնահատվում, անօրինական ձևով ընկել է Ռուսաստանի ձեռքը:

Երբ 2014 թվականի փետրվարին առանց տարբերանշանների զինվորական համազգեստներով ռուսաստանցի զինծառայողները վերահսկողության տակ էին վերցնում Ղրիմի կարևոր օբյեկտները, այդ կտավները գտնվում էին Ղրիմից դուրս՝ արտագնա ցուցադրվում էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլ քաղաքի պատկերասրահում: Բայց հետո կտավները վերադարձվել են Ղրիմ և արդեն անհասանելի են պաշտոնական Կիևի համար, քանի որ Ռուսաստանը բռնակցել է թերակղզին:

Ղրիմի առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը ավելի ուշ ասել է, որ կտավները վերադարձնելու համար ուկրաինական կողմում մարդկանց էին հավաքագրել, նշելով, որ հետախուզական գործակալության պես աշխատանք են արել:

Այս ամսվա սկզբին Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է բացել Մարիուպոլի պատկերասրահի աշխատակիցների դեմ՝ կտավները Ղրիմ վերադարձնելու թույլտվություն տալու համար: Մարիուպոլի պատկերասրահի երկու աշխատակցի և մեկ կասկածյալի, որը հիմա գտնվում է Ղրիմի տարածքում, մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Սա ռուս-ուկրաինական մշակութային պատերազմի միայն մի մասն է: Ուկրաինայի մշակույթի նախարարությունը պնդում է, որ երբ Ռուսաստանը գրավել է Ղրիմը, արվեստի 1 միլիոն 200 հազար նմուշներ անցել են ռուսներին:

«Սա աննախադեպ կորուստ է Ուկրաինայի համար», - France-Presse-ին ասել է մշակութային արժեքների պաշտպանության «Կապույտ սաղավարտ» կազմակերպության Ուկրաինայի մասնաճյուղի ղեկավար Միկոլա Յակովինը:

Սկյութների «ոսկին»

2016 թվականի վերջին, երկու տարվա քննությունից հետո Նիդերլանդների դատարանը որոշել է, որ Ամստերդամի թանգարաններից մեկը պետք է Ուկրաինային վերադարձնի «Ղրիմ․ Սև ծովի գաղտնիքներն ու ոսկին» սկյութների մշակութային ժառանգության ցուցադրությունը: Դատարանը որոշել է, որ այն պետք է վերադարձվի Ուկրաինային, այլ ոչ թե Ղրիմին:

Ղրիմի թանգարանների պահանջները, թե արվեստի այդ նմուշները Ղրիմի ժառանգություն են և պատկանել են Ղրիմի ինքնավար հանրապետությանը, դատարանը չի ընդունել՝ հաշվի առնելով, որ Ղրիմը անկախ պետություն չէ, հաղորդում է France-Presse-ը:

Դատարանի տվյալ որոշման կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, թե այն ցույց է տալիս, որ «Ղրիմը մերն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG