Մատչելիության հղումներ

Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա հանրահայտ Բորոդինի անվան լարային քառյակը՝ Ռուբեն Ահարոնյանի ղեկավարությամբ:

Համերգը հոբելյանական է, այն նվիրված է անվանի ջութակահարի՝ Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակին:

Համերգի առաջին բաժնում մեր երաժշտասերները կունկնդրեն Բորոդինի անվան լարային քառյակի կատարումները, իսկ երկրորդ բաժնում Ռուբեն Ահարոնյանը հանդես կգա Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Մենք ազդագրերում գրում ենք, որ նշում ենք Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակը, բայց որպես այդպիսին այդ նվերը հենց այդ ամյակի առիթով Ռուբեն Միխայլովիչն է մեզ մատուցում», - այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը:

Նա հիշեցրեց, որ Բորոդինի անվան լարային քառյակը փառատոնի շրջանակներում արդեն մի քանի անգամ է հանդես եկել․ - «Սակայն այս անգամ նաև մի փոքր անակնկալ կա, որովհետև մոտավորապես 15 տարի ընդմիջումից հետո Ռուբեն Միխայլովիչը կնվագի ֆիլհարմոնիկի հետ: Դա մեզ համար մեծ պատիվ է: Այդ օրը բեմում սկզբից մինչև վերջ կլինի մաեստրոն, որովհետև ուզում ենք, որ իսկապես տոն լինի»:

Ռուբեն Ահարոնյանը Բորոդինի քառյակը ղեկավարում է և քառյակի առաջին ջութակն է հանդիսանում 1996 թվականից՝ այն ժամանակվանից, երբ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ մթի և ցրտի այդ տարիները թերևս անհնար էին դարձնում երաժշտի գործունեությունն այստեղ:

Կապը Հայաստանի հետ չի խզել, այստեղ տուն ունի, հաճախ է համերգներով հանդես գալիս: Վերջին անգամ քառյակի հետ 2015 թվականին հանդես եկավ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մաեստրոն նախ ներողություն խնդրեց, որ պիտի անցնի ռուսերենի, քանի որ քսան տարուց ավելի ապրում է Մոսկվայում: Ասաց, որ քառյակը համերգային շրջագայությունների շատ է մեկնում, գրեթե ողջ տարին անընդմեջ հյուրախաղեր են ունենում և անգամ իր 70-ամյա հոբելյանի օրը՝ մայիսի 24-ին գտնվում էին Պեկինում, որտեղ համերգից հետո իր պատվին հոբելյանական տորթ են բեմ բարձրացրել:

Ասաց, որ վաղվա հոբելյանական համերգից հետո անմիջապես մեկնում են նոր հյուրախաղերի․ - «Ես չափազանց աշխատասեր մարդ եմ: Ամենակարևորը, որ ֆիզիկապես լավ զգամ և համապատասխանեմ մեր գործի բարձրագույն չափանիշներին»:

Նաև նշեց, որ իր համար ողջ կյանքում ամենակարևորը երաժշտությունն ու աշխատանքն են եղել և ուրիշ ոչինչ: Դա է եղել իր կյանքը՝ երաժշտություն և աշխատանք:

Մաեստրոն ասաց, որ հավատում է Աստծուն․ - «Իսկ երբ բոլորում ես 70 տարեկանը, հասկանում ես, որ, ինչպես Ֆրենկ Սինատրան էր երգում, արդեն քո կյանքի աշունն ես թևակոխել և ոչ թե սեպտեմբերը, այլ արդեն նոյեմբերը: Այնպես, որ գալիս է ժամանակը, որ ոչ թե աշխարհիկ բաների մասին ես մտածում, այլ միմիայն Աստծո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG