Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի հավակնում Ուկրաինայում ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին:
«Ես միայն ուզում եմ միավորել ընդդիմությանը: Բացի այդ՝ այս պահին ես նույնիսկ Ուկրաինայի քաղաքացի չեմ», - ասել է Սաակաշվիլին՝ հավելելով. եթե իրավիճակը չփոխվի, Ուկրաինան կարող է մի քանի մասի բաժանվել։ - «Երկրի արևելյան շրջանների քաղաքները դադարեցրել են առևտուրը Ռուսաստանի հետ և այսօր հուսահատ վիճակում են, բնակչությունն այդ քաղաքներում որևէ հեռանկար չի տեսնում։ Եթե տնտեսական իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է, եթե չփոխվի կոռուպցիայի հետ կապված իրավիճակը, Ուկրաինան պարզապես կմասնատվի, կշարունակի կորցնել քաղաքներ արևելքում և հարավում»:
Բրիտանական պարբերականը նաև գրում է, որ թեև Ուկրաինայի իշխանությունները փորձեր արեցին Սաակաշվիլիի մուտքը երկիր արգելելու համար, այսօր, երբ Սաակաշվիլին արդեն Ուկրաինայում է և քաղաքից քաղաք է շրջում, իշխանությունները կարծես չեն նկատում նրան՝ գոնե հրապարակավ:
«Ի՞նչ պետք է մենք անենք՝ ոչինչ: Թող հասարակությունը որոշի ինչ անել այդ պոպուլիստի հետ», - նախօրեին ասել էր Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: