Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, փոխնախագահները՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանձնաժողովում ընդգրկված են մի շարք նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու, գիտական հաստատությունների ղեկավար ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները:
Կառավարությանը հանձնարարվել է քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը, հանձնաժողովին՝ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
Երևանի 2800-ամյակը նշվում է հաջորդ տարի: