Մատչելիության հղումներ

2018-ի վերջին Հայաստանի պետական պարտքը հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը․ Արամյան


Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե հնարավոր է, որ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի վերջին հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Առավոտյան գործադիրի նիստում Արամյանը ներկայացնում էր գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը, և ըստ փաստաթղղթի՝ 2018-ին պետության ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրիլիոն 307 միլիարդ: Կառավարության ծախսերը գրեթե 157 միլիարդ դրամով գերազանցելու են եկամուտները, և այդ տարբերությունը՝ դեֆիցիտը, ծածկելու համար իշխանությունները վերստին խոշոր պարտք են վերցնելու՝ ավելի քան 300 միլիոն դոլար:

«Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների մեջ երկու հիմնական աղբյուր է․ մեկը ներքին աղբյուրն է, մյուսը արտաքին աղբյուրներն են: Մի մասը պարտք է վերցվում, և դա անխուսափելի է: Երկիր չկա, որ ունենա դեֆիցիտ՝ պակասուրդ, և նա չմտնի պարտքի շուկա․ կա՛մ ներքին պարտք վերցնի, կա՛մ արտաքին պարտք: Ընդ որում, արտաքին պարտքի մասով ես պետք է նշեմ, որ հիմնականում դրանք ինվեստիցիոն ծրագրերն են, որոնք մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից՝ արտոնյալ պայմաններով», - նշեց նախարարը:

Ուշագրավ է, որ գալիք տարվա պետբյուջեի դեֆիցիտը ավելի մեծ է լինելու, քան այս տարվանն է: 2017 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի դեֆիցիտը կազմելու է մոտ 150 միլիարդ դրամ, որը ծածկելու համար կառավարությունը վերստին պարտք է վերցնում:

Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 259 միլիոն դոլար, կամ ավելի քան 317 միլիոն դոլարով ավելի, քան 2016 թվականի վերջին: Փաստորեն, միայն այս տարվա առաջին ութ ամիսներին իշխանությունները ավելի քան 317 միլիոն դոլար պարտք են վերցրել:

«Ազատության» հարցին, թե այս տարվա ավարտին որքան կլինի պետական պարտքը, Արամյանը պատասխանեց․ - «Ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, մենք կունենանք շուրջ 6 միլիարդ 700 միլիոնի կարգի»։

Հաջորդ հարցին, թե հնարավոր է, որ մյուս տարի հատվի 7 միլիարդի սահմանը, նախարարը արձագանքեց․ - «Հնարավոր է»:

Նա հավելեց, որ գալիք տարեվերջին դա կարող է կազմել ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը:

Այդուհանդերձ՝ Վարդան Արամյանը պնդեց, որ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում, քանի որ երկիրը կկարողանա սպասարկել պարտքը:

Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանի տնտեսությունը պարզապես ի վիճակի չէ հասնել սրըթնաց աճող պետական պարտքի հետևից և չի կարողանա այն մարել:

Ըստ տնտեսագետի, միայն այս տարի Հայաստանը պետք է մարի մոտ 300 միլիոն դոլար պարտք՝ մայր գումար և տոկոսավճար․ - «18 թվականին միայն Կառավարության արտաքին պարտքի սպասարկում, այսինքն սրա մեջ չի մտնում ներքին պարտքի սպասարկում, սրա մեջ չի մտնում Կենտրոնական բանկի պարտքի սպասարկում, միայն Կառավարության ներքին պարտքի սպասարկման գումարը՝ 307 միլիոն դոլար, 2019 թվականին՝ 344 միլիոն դոլար, և 2020 թվականին՝ 930 միլիոն դոլար: Սա լինելու էր, որովհետև բոլորս գիտեինք, որ ժամանակին, երբ որ եվրոպական բոնդեր թողարկեցինք, այդ պարտքի սպասարկումը 5-7 տարի էր, պետք է գար 20 թվականի բյուջե»:

Հարցին, թե կկարողանա արդյոք Հայաստանի 2020 թվականին շուրջ մեկ միլիարդ դոլար պարտք փակել, Խաչատրյանն արձագանքեց․ - «Այս 307-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին պարտքի սպասարկում, պետք է ավելացնել մոտավորապես 70 միլիոն դոլար: Ես ի նկատի ունեմ ներքին պարտք պլուս Կենտրոնական բանկ: Ստացվում է, որ մենք եկող տարի՝ 370 միլիոն, հաջորդ տարի՝ 344 միլիոն․․․ մեր տնտեսությունը ի վիճակի չի սպասարկելու նման բեռ»:

Պաշտպանության բյուջեն կտրուկ աճելու է

Վերադառնանք գալիք տարվա պետբյուջեին: Այս տարվա համեմատ՝ 2018-ի պետբյուջեն շուրջ 104 միլիարդ դրամով, կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 216 միլիոն դոլարով մեծ է լինելու է: Ուշագրավ է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է կտրուկ՝ 37 միլիարդ դրամով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք հաջորդ տարի կկազմեն 246.8 միլիարդ դրամ, կամ ավելի քան 514 միլիոն դոլար:

Ըստ պետբյուջեի, գալիք տարի նախատեսվում է ապահովել 4.5 տոկոս տնտեսական աճ: Վարդան Արամյանի խոսքով, թեև այս տարվա պետբյուջեով նախատեսված է 3.2 տոկոս տարեկան տնտեսական աճ, սակայն 2017-ը կփակենք 4.3 տոկոս աճով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG