91 տարեկանում մահացել է Playboy հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները: Ըստ հանդեսի տարածած հայտարարության, «Հեֆները կյանքից հեռացել է իր տանը՝ շրջապատված մտերիմներով»:
Հեֆները 1953 թվականին է ստեղծել Playboy-ը, ինչի համար վերցրել է 8 հազար դոլարի վարկ և դրան հավելել 600 դոլար սեփական միջոցներից: Playboy-ը հռչակվել է «արական ընթերցարանի համար նախատեսված հանդես»:
Առաջին համարի շապիկին պատկերվել է Հոլիվուդի աստղ Մերիլին Մոնրոյի նկարը: Սեռական հարաբերությունների թեման առանցքային էր հանդեսի համար:
Առաջին իսկ համարը գրավել է ընթերցողների ուշադրությունը, ինչի արդյունքում հանդեսը դարձել է մշակութային ֆենոմեն:
Հյու Հեֆները հայտնի էր իր հեդոնիստական ապրելակերպով, բայց նրան նաև համարում են ԱՄՆ-ում ազատ խոսքի պաշտպանության ռահվիրաներից, քանի որ նա բանավեճեր է նախաձեռնել ոչ միայն սեռական կյանքի կամ «արգելված» այլ հարցերի շուրջ, այլև միջռասայական սիրո և հայացքների ազատ արտահայտման թեմաներով, որոնց հանրային անկաշկանդ քննարկումը 1950-ականներին համարձակություն էր պահանջում:
Playboy-ն այն տարիներին հասել է աննախադեպ հաջողության: 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծել են Playboy-ի 22 ակումբ, բացի այդ, նման ակումբներ են գործել նաև արտասահմանում:
1970-ականներին հանդեսի մեկ համարի տպաքանակը հասել է 7 միլիոնի: Հանդեսին թղթակցել են անվանի արվեստագետներ և գրողներ Սոլ Բելոուն, Վուդի Ալենը, Նորման Մեյլերը, Ջոն Ափդայքը և ուրիշներ:
Հանդեսը հրապարակել է հարցազրույցներ ոչ միայն շոու բիզնեսի թիվ մեկ աստղերի, այլև աշխարհի ամենահայտնի պետական այրերի հետ:
Կանանց իրավահավասարության ակտիվիստները՝ ֆեմինիստուհիները, մշտապես քննադատել են Հեֆներին և նրա ստեղծած հանդեսը անվանել են «տղամարդկանց շովինիզմի գաղափարախոսական կենտրոն»:
Կոմունիզմի տապալումից հետո Playboy-ը հրատարակվել է նաև Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում:
Համացանցի դարաշրջանում Playboy-ի մեկ համարի տպաքանակն իջել և 2015 թվականին կազմել է 800 հազար օրինակ:
Playboy-ը հայտարարել է, որ այլևս չի հրապարակի մերկ կանանց լուսանկարներ, սակայն հետագայում վերանայել է այդ որոշումը: