Մատչելիության հղումներ

Մադրիդը ջանում է խափանել Կատալոնիայի անկախության հանրաքվեն


Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցները հանրահավաք Բարսելոնայում, սեպտեմբեր, 2017թ․
Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցները հանրահավաք Բարսելոնայում, սեպտեմբեր, 2017թ․

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նշանակված անկախության հանրաքվեից մի քանի օր առաջ, Իսպանիայի ոստիկանության կազմում գործող հատուկջոկատայինների երկու երրորդը` շուրջ 2 հազար ոստիկան, արդեն իսկ տեղակայվել է Բարսելոնայում և մերձակա շրջաններում: Այս մասին չորեքշաբթի օրը գրել է Մադրիդում լույս տեսնող El Pais պարբերականը:

Թերթն իր կայքում տեղադրել է նաև իսպանական մի շարք քաղաքներում` Կորդոբայում, Ուելվայում և Կադիսում արված սիրողական տեսագրությունները, որոնցում պատկերված է ոստիկանների Կատալոնիա մեկնելու պահը: Տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ Իսպանիայի բնակիչները ողջունում են կենտրոնական իշխանությունների` կատալոնական հանրաքվեի խափանմանն ուղղված գործողությունները:

Պաշտոնական Մադրիդը, մատնանշելով Իսպանիայի Սահմանադրական դատարանի օրերս կայացրած որոշումը, շարունակում է պնդել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է երկրի հիմնական օրենքին:

Իսպանիայի իշխանությունները ակտիվորեն աշխատում են հանրաքվեի անցկացման նպատակով Կատալոնիայի երկրամասային կառավարության կողմից ձևավորած ցանցի չեզոքացման ուղղությամբ: Ոստիկանությունը վերջին օրերին ավելի քան 10 միլիոն քվեաթերթիկ է առգրավել, ինչպես նաև արգելափակել է կիրակնօրյա քվեարկության մասին տեղեկատվություն տրամադրող 59 կայքեր: Հանրաքվեի կազմակերպման համար պատասխանատու գլխավոր մարմինն էլ` Կատալոնիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ստիպված եղավ ամբողջ կազմով հրաժարական ներկայացնել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը սպառնաց դրա անդամներին աստղաբաշխական տուգանքի ենթարկել` 12 հազար եվրո անօրինական գործունեության ամեն մի օրվա համար:

Վիճահարույց հանրաքվեից հաշվված օրեր առաջ պաշտոնական Մադրիդը նաև ազդեցիկ դաշնակից է ձեռք բերում՝ ի դեմս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի: Սպիտակ տան ղեկավարը Կատալոնիայում կայանալիք հանրաքվեի մասին խոսեց երեքշաբթի օրը Վաշինգտոնում` հյուրընկալելով Իսպանիայի վարչապետ Մարիան Ռախոյին:

«Ես կարծում եմ, որ Իսպանիան հզոր երկիր է և այն պետք է միասնական լինի: Նույնիսկ եթե քվեարկությունը կայանա, ես կարծում եմ՝ մարդիկ կընդդիմանան Իսպանիայից անջատվելու գաղափարին: Իմ անունից կարող եմ միայն ասել, որ կցանկանամ, որ Իսպանիան շարունակի միասնական պետություն հանդիսանալ», - հայտարարում էր Թրամփը:

Իսպանիայի վարչապետը, իր հերթին, վստահ է` կիրակի օրը որևէ քվեարկություն չի կայանա:

«Կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հանրաքվեի անցկացումն անհնարին է: Չկա ընտրական հանձնաժողով, Կատալոնիայի կառավարության ներսում գոյություն չունի թիմ, որը կազմակերպում է քվեարկությունը, չկան քվեաթերթիկներ: Այս ֆոնին հանրաքվեի անցկացումը խելագարություն կլինի: Աղմուկից բացի ոչինչ չենք ստանա: Նվազագույն երաշխիքներ և իրավական հիմքեր ունեցող ժողովրդավարական հանրաքվե հաստատ չի լինի», - հայտարարում էր Ռախոյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG