Մատչելիության հղումներ

Վանաձորի խաղահրապարակներից մեկում «վտանգավոր տնակ» է հայտնվել, բնակիչները բողոքում են


Վանաձորի «Բազում» թաղամասի խաղահրապարակում տեղադրված խարխուլ տնակը
Վանաձորի «Բազում» թաղամասի խաղահրապարակում տեղադրված խարխուլ տնակը

Վանաձորի «Բազում» թաղամասի հատուկենտ խաղահրապարակներից մեկի հարակից շենքերի բնակիչները բողոքում են՝ մոտ մեկ ամիս առաջ, գիշերով, կարուսելների հարևանությամբ մի «կիսաքանդ ու երեխաների համար վտանգավոր տնակ» է տեղադրվել։ Այժմ պայքարում են, որ տնակը հեռացվի տարածքից, բայց առայժմ արդյունքի չեն հասել։

Խաղահրապարակն ու կիսաքանդ տնակը «Բազում» համատիրության գրասենյակի դեմ-դիմաց են։ Համատիրության ղեկավար Վիլեն Շաքարյանն ընդունում է բնակիչների դժգոհությունը, բայց և ասում է, թե հարցն իրենց իրավասությունից դուրս է: Այդուհանդերձ, նա այդ աղքատիկ խաղահրապարակից օգտվող՝ Ռուսթավի փողոցի հինգ շենքերի բնակիչների շահերը պաշտպանելու համար վտանգավոր տնակը տեղադրած քաղաքացու հետ «խոսքուզրույց ունեցել է», պայմանավորվել են:

Ձեռք բերված պայմանավորվածությունից մոտ մեկ ամիս է անցել, սակայն տնակը չի հեռացվել: Հարակից շենքերից մեկի բնակիչ Ժիրայր Ղազարյանն անձամբ մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան՝ խաղահրապարակը «քարուքանդ տնակից» ազատելու պահանջով։ «Ինչ-որ մեկը զավթումն արել ա, մտածում են՝ կհամակերպվենք»,- ասում է Ղազարյանը:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասում է՝ տնակը բակում հայտնվելու օրը, օգոստոսի 31-ի լուսաբացին բնակիչներից բողոք են ստացել։ Արձագանքել են ու պարզել, որ տնակը տեղադրվել է առանց համապատասխան թույլտվության և հողհատկացման մասին որոշման։ Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ գտել են գիշերով մանկական խաղահրապարակում կիսաքանդ տնակը տեղադրողին, վերջինս էլ խոստացել է, որ «շատ շուտով տեղափոխելու է»։ «Խնդրեց՝ ուղղակի հողահատկացում անենք այլ վայրում և կտեղափոխի»։

Բնակիչները, մինչդեռ, հարցադրումներ են անում՝ ինչո՞ւ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ձգձգվում է տեղափոխումը, ինչո՞ւ քաղաքապետարանը համապատասխան՝ թեկուզև պատժիչ միջոցներ չի ձեռնարկում՝ քաղաքացուն հարկադրելու, որ երեխաների համար վտանգավոր այդ կառույցը կարճ ժամանակում տեղափոխվի։ «Քաղաքապետարանի մատը խառն ա»,- կասկած են հայտնում մարդիկ:

Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում անգամ քաղաքացիների ներողամտությունը հայցեց՝ պատճառված անհարմարության համար, պնդելով՝ բացառված է, որ տնակի տեղադրման կամ դրա տեղում շինություն կառուցելու թույլտվություն լինի․ «ուղղակի պրոցեսը մի քիչ երկարեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG