Մատչելիության հղումներ

Դանֆորդը Սպիտակ տանը խորհուրդ է տալիս մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային


ԱՄՆ - Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2017թ․
ԱՄՆ - Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 26-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների բարձրաստիճան զինվորականը խորհուրդ է տվել Սպիտակ տանը Ուկրաինային մահաբեր պաշտպանողական զենք տրամադրել՝ երկրում Ռուսաստանի հնարավոր ռազմական առաջխաղացումից պաշտպանվելու համար:

«Իմ կարծիքով, Ուկրաինան հավելյալ ռազմական հնարավորությունների կարիք ունի՝ ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - երեկ Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը:

Միացյալ Նահանգների նախորդ՝ Բարաք Օբամայի վարչակազմը չգնաց այդ քայլին, թեև ստացել էր Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը: Սպիտակ տան նախկին ղեկավարը, խուսափելու համար Ուկրաինայի արևմուտքում ռուսամետ զինված անջատականների հետ հակամարտության սրացումից, հրաժարվում էր մահաբեր զինտեխնիկա տրամադրել ուկրաինական բանակին՝ բավարարվելով միայն հսկողություն իրականացնելու սարքավորումներով:

Մինչդեռ արդեն չորրորդ տարին պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի իշխանությունները տևական ժամանակ է Վաշինգտոնից ռազմական օգնություն են խնդրում, մասնավորապես՝ հակահրետանային համակարգեր:

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Պենտագոնը քննարկում է Ուկրաինան Ռուսաստանի աջակցությունը վայելող զինյալներից պաշտպանելու հարցը:

Ուկրաինայի հարցով Սպիտակ տան հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն ավելի վաղ նույնպես հայտարարելով, որ այդ հարցը Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում է, հակադարձել էր ամերիկյան նախորդ իշխանությունների պնդումներին, թե Ուկրաինային զենքի տրամադրումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը կամ սադրել Ռուսաստանին: Այս մասին ամերիկացի դիվանագետը խոսել է «Ազատության» Current Time TV ծրագրի հետ զրույցում:

Պենտագոնից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հայտարարություններ են հնչում այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետքարտուղարությունը Ռուսաստանին մեղադրեց 1987 թվականին կնքված հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթների խախտման մեջ: Այդ մասին մասնավորապես հայտարարել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգներն անելու է ամեն ինչ՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական՝ թույլ չտալու Ռուսաստանին հասնել ռազմական առավելության:

Դանֆորդը Կոնգրեսում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները պարտավոր են պարտադրել Ռուսաստանին հետևելու միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրին: Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին և փոքր հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ՝ երեք տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

Ռուսական կողմն էլ իր հերթին է մեղադրում Վաշինգտոնին նույն պայմանագիրը խախտելու մեջ: «Ամերիկացիները մեզ են մեղադրանք ներկայացնում, սակայն չեն կարողանում հստակ հիմնավորել, թե ինչն է իրենց անհանգստացրել: Ամեն դեպքում, պետք է զրուցել դրա շուրջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG