Մատչելիության հղումներ

Հայաստանի քրդերը Քուրդիստանի անկախության ճանաչման հարց չեն բարձրացնի․ Կնյազ Հասանով


Կնյազ Հասանովը «Ազատության» տաղավարում, 27-ը սեպտեմբերի, 2017 թ․

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումն այսօր ողջունել է Լեռնային Ղարաբաղը:

«Ողջունում ենք Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ֊ի Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂ արտգործնախարարությունը:

Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանն ընդամենը «առկա հարցերի» կարգավորման հույս է հայտնում: «Ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները, նաև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն՝ լուծելու առկա հարցերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանում բնակվող քրդերն, իրենց հերթին, հայտարարում են, որ Իրաքի Քուրդիստանի անկախության ճանաչման հարց չեն բարձրացնի: Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Հայաստանի քրդերը միայն բարոյական աջակացություն են ցուցաբերում Իրաքի քրդերին, իսկ Հայաստանն այս հարցի շուրջ պետք է որոշում կայացնի՝ ելնելով իր շահերից: Ի վերջո, տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Սիրիան, նաև հարևան Իրանը, որի հետ Հայաստանը բարեկամական հարաբերությունների ունի, կտրականապես դեմ են Իրաքի Քուրդիստանի անկախությանը, հիշեցրեց Հասանովը:

«Ամեն պետություն ինքն է որոշում կայացնում, ամեն պետություն ունի իր շահը: Հայաստան պետությունը նույնպես ունի իր շահը: Այսօր Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, Իրանն էլ դեմ է Հյուսիսային Քուրդիստանի անկախությանը: Շատ հարցեր կան, և մենք այսօր միանշանակ չենք կարող ասել՝ Հայաստանը կընդունի [անկախ Քուրդիստանի գոյությունը], թե չի ընդունի: Ես չեմ կարող ասել, նաև չեմ բարձրացնի Քուրդիստանի ճանաչման հարցը, դա պետք է Հայաստանի իշխանությունները որոշեն, դա իմ որոշելիքը չէ: Որևէ նախաձեռնությամբ հանդես չենք գալու»,- ասաց Կնյազ Հասանովը:

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով անկախությանն այո է ասել քվեարկածների գրեթե 92 տոկոսը:

Հայաստանի քրդական համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե ստեղծվի քրդական անկախ պետություն, ապա աշխարհի բոլոր ծայրերում ապրող քրդերը միայն ուրախ կլինեն, անկախ հանգամանքից՝ կգնա՞ն այնտեղ ապրելու, թե ոչ: Ինքը՝ հանրապետական պատգամավոր Կնյազ Հասանովն, ամեն դեպքում, Հայաստանից հեռանալ չի պատրաստվում: «Ես չէի ասի, որ այստեղից քրդերը կգնան [Քուրդիստան], որովհետև բոլորը Հայաստանը համարում են իրենց հայրենիքը՝ այստեղ են ծնվել, այստեղ են մեծացել, հայկական հոգեբանություն են ստացել և այլն: Անձամբ ես չեմ գնա այնտեղ ապրելու»,- ընդգծեց Հայաստանի խորհրդարանի քուրդ պատգամավորը:

Ի դեպ, Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը սեպտեմբերի 25-ին տեղեկատվական մի տեսանյութ է հրապարակել, որում, մասնավորապես, նշել է՝ Իրաքում անկախ Քուրդիստանի ձևավորումը նշանակում է, որ առաջիկայում քրդերն անկախացման ձգտումների շրջանակներում տարածքային պահանջներ կներկայացնեն նաև Թուրքիային (որտեղ նրանց թիվը մոտ 14 միլիոն է), Իրանին (որտեղ բնակվում է մոտ 6 միլիոն քուրդ), Սիրիային (2 միլիոն քուրդ), ինչպես նաև Հայաստանին, որտեղ, ըստ տեսանյութի, ապրում է 2 միլիոն քուրդ:

Ըստ Հայաստանի քրդական համայանքի ղեկավար Կնյազ Հասանովի, մինչդեռ, Հայաստանում ընդամենը 2 հազար 500 քուրդ կա: Ավելի ուշ «Ալ Ջազիրան» ուղղում կատարեց իր տեսանյութում, նշելով, որ Հայաստանում 38 հազար քուրդ է բնակվում: Քրդերի հնարավոր տարածքային պահանջների մասով, սակայն, որևէ ուղղում չարվեց:

«Թող լինի 50 հազար, այդ 50 հազարը նման հարցեր չի կարող բարձրացնել, քանի որ ազգային փոքրամասնություն են պետության մեջ: Մենք Հայաստանում, որպես ազգային փոքրամասնություն, ունենք ամեն հնարավորություն: Մեր երեխաները հայկական դպրոցում են սովորում, սովորում են իրենց մայրենի լեզվով, մեզ համար դասագրքեր են տպագրվել, թերթեր ունենք: Մենք ոչ մի պրոբլեմ չունենք Հայաստանում:

Օրինակ՝ Թուրքիայում բնակվում է 20 միլիոն քուրդ ժողովուրդ, այսօր իրենց Սահմանդրությամբ այդ ժողովրդի լեզուն է արգելված: 20 միլիոնին արգելվել է իրենց լեզվով խոսել, չեն ճանաչվում որպես ազգ, իրենց անձնագրերում չի գրվում քուրդ: Եվ վերջապես՝ թուրքական իշխանություններն ուզում են ամեն ինչ անել՝ ոչնչացնելու քրդերին, այդ շարժումը ոչնչացնել և ամեն ինչ անում են, որ և՛ Սիրիայում չլինի քրդական պետություն, և՛ Իրանում չլինի, և՛ Իրաքում չլինի, ոչ մի տեղ չլինի: Եթե Իրաքի Քուրդիստանը լինի անկախ, բնական է՝ Թուրքիայում ապրող քրդերն այս հարցերն ավելի շատ կբարձրացնեն, ավելի միացում կլինի և անջատողական մտքեր կլինեն»,- ասաց Հասանովը:

Հարցին, հնարավոր համարու՞մ եք, որ ապագայում Թուրքիայի քրդերը ևս համանման գործընթաց սկսեն, Կնյազ Հասանովը պատասխանեց․ «Բնական է, 45-50 միլիոն ժողովուրդ է, աշխարհում չկա այդպիսի մի ժողովուրդ, որը չունի պետություն: Կգա ժամանակ, կարող է՝ մենք էլ դա չտեսնենք, մեր թոռները տեսնեն, երբ կստեղծվի Քուրդիստանի պետությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG