Իհարկե, շանսերը, որ այս անգամ ամեն ինչ ավելի բարեհաջող կավարտվի, բավականին մեծ են, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ, Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը՝ «Ազատության» հետ զրույցում խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին:
Մանավանդ որ, նշեց նա, ի տարբերություն 2013 թվականի, երբ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարիների բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մտադրության մասին, այս համաձայնագիրը նախաստորագրվել է: «Դա նշանակում է, որ խոսքը միայն կոնկրետ քաղաքական քայլ կոնկրետ ժամկետում կատարելու մասին է», - ընդգծեց Նավասարդյանը՝ շարունակելով․ - «Եվ հուսով եմ, որ այդ առումով էլ լուրջ վտանգներ չկան, թեև մենք տեսնում ենք քարոզչական ոլորտում բավականին լուրջ հարձակումներ Եվրամիություն-Հայաստան համագործակցության դեմ՝ հիմնականում ռուսաստանյան և Ռուսաստանի կողմից ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ որոշ արտահայտություններ թույլ են տալիս, բայց պաշտոնական մակարդակով՝ ես չեմ կարծում, որ որևէ ճնշում լինի»:
Թե ինչ է տալու նոր փաստաթուղթը Հայաստանին, Հայաստանի քաղաքացիներին՝ այդ կապակցությամբ Երևանի մամուլի ակումբի նախագահը ասաց․ - «Հայաստանի տնտեսական զարգացումը խթանող որոշ դրույթներ այնտեղ կան, և խոսքը հիմնականում գնալու է Եվրամիության կողմից աջակցության մասին՝ այն ապրանքների թողարկման վերաբերյալ, որոնք կարող են մտնել եվրոպական շուկա: Բայց, իհարկե, հիմնական մասը փաստաթղթի՝ դա քաղաքական մասն է, որը ենթադրում է, փաստորեն, ժողովրդավարության և արդար կառավարման բոլոր ուղղություններով․․․ միանշանակ կլինեն լուրջ քայլեր արդարադատության ոլորտում»:
Համաձայնագրի բովանդակությունը, նշեց Նավասարդյանը, բավականին հավակնոտ է, և հիմնական խնդիրն է՝ այդ բովանդակությունը ինչպես է իրականացվելու պրակտիկայում․ - «Դրա հետ կապված կան մտավախություններ, այսինքն՝ խոսքը այստեղ ոչ միայն Հայաստանի ցանկության մասին է, ի վերջո՝ այդ ցանկությունը Հայաստանում կարելի է խրախուսել ֆինանսական աջակցությամբ՝ գոնե երկու անգամ ֆինանսական աջակցությունը կբարձրանա, բայց խնդիրը ոչ միայն գումարն է, որովհետև մենք շատ լավ գիտենք՝ ինչպես Հայաստանում գումարները կարող են ցնդել տարբեր ծրագրերի շրջնակներում, այլ՝ որքանով այդ ներկայացվող գումարները կնպաստեն իրական բարեփոխումներին»:
«Բացի ֆինանսական օժանդակությունից՝ իրապես այս փաստաթղթի ստորագրումը կհանգեցնի՞ որոշակի փոփոխության, հաշվի առնելով նաև այն վերահսկողական մեխանիզմները, որոնք ներդրվելու են նաև այս փաստաթղթով», - այս հարցին Բորիս Նավասարդյանը արձագանքեց․ - «Պետք է ամեն դեպքում հույսը պահպանել, բայց եթե ներքևից չլինի ճնշում իշխանությունների վրա՝ քաղաքական ընդդիմության կողմից, քաղաքացիական հասարակության կողմից, լրատվամիջոցների կողմից, բնականաբար՝ իշխանությունը շատ ավելի կոմֆորտային է զգում, երբ ոչ մի բան չի փոխվում կամ փոխվում է միայն իշխանություն ունեցող մարդկանց շահերից ելնելով»:
«Այսինքն՝ ներքին ակտիվությունը, պրոակտիվությունը մեր հասարակության ամբողջ՝ դա շատ անհրաժեշտ բաղադիչ է այս համաձայնագրի արդյունավետ իրականացման համար», - շեշտեց Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մարտին:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․