Մատչելիության հղումներ

«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի մշակումը հարուցել է քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունը


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ազատության» ստուդիայում

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հուսով են, որ հեղինակները կհրաժարվեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մտահոգիչ փոփոխություններից:

Հասարակական կազմակերությունների տրամադրության տակ հայտնված օրենքի նախագծի տարբերակներից մեկի համաձայն, պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմինների ու պաշտոնյաների մասին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն»։ Նաև՝ «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը զարմացած է՝ արդյո՞ք պետական մարմնի գործառույթն է որոշել, թե որ տեղեկությունն է հանրային հետաքրքրություն ներկայացնում, որը՝ ոչ․ - «Եթե մենք հարցնենք ինչ-որ տեղեկություններ, որոնք կարող են ցավալի լինել իշխանությունների համար, ապա իշխանությունները կարող են ասել, որ գիտեք, մենք կարծում ենք, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց չէ: Դե գնա ու ապացուցի, որ դա հանրային հետաքրքրություն ներկայացնում է․․․ ո՞նց պետք է ապացուցես: Էդ վեճը ո՞նց պետք ա լինի, ես չեմ պատկերացնում: Մի մեշոկ փող ծախսենք, սոցհարցում պատվիրենք, որ սոցհարցումը մի քանի ամիս հետո ասի, որ հանրության էսքան տոկոսը հետաքրքրված ա»:

Իոաննիսյանը ևս մեկ մտահոգիչ կետ է առանձնացնում․ հարցմանը կարող են չպատասխանել 50-ից քիչ աշխատակից ունեցող հիմնարկները: Նա կարծում է, որ եթե առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչվեն, կսահմանափակվեն հետաքննություն անելու հնարավորությունները․ - «Գրադարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, մեծ մասը ունեն 50-ից քիչ աշխատող: Հիմա ինձ հետաքրքրում ա՝ էս կոնկրետ դպրոցը ինչքան գումար ա ծախսել էսինչ բանի վրա: Էդ գումարները մեր վճարած հարկերից ա գնում, պետական բյուջեից ա գնում»:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը գործում է արդեն 14 տարի։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նոր մշակումները, գործող օրենքի հետ համեմատած, հետընթաց է համարում։ Նոր օրենքի կարիք չի տեսնում: Նրա կարծիքով, տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված, կարելի էր ընդամենը որոշ փոփոխություններ անել։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյան

Հասարակական կազմակերպությունները, Մելիքյանի խոսքով, բոլոր օրինական քայլերով հակազդելու են նախագծի ընդունմանը․ - «Պետական չինովնիկը փաստորեն ինքնուրույն, սուբյեկտիվորեն պետք է որոշի՝ դա հանրային նշանակություն ունի՞, թե՞ չէ: Մինչդեռ օրենքի մեխը կայանում է նրանում, որ դրանով օգտվում է յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքացի կարող է պետական մարմիններին տեղեկություն հայցի, ընդ որում՝ ոչ միայն հանրային նշանակության, այլև իր անձի վերաբերյալ: Մենք մնում ենք այն կարծիքին, որ իշխանությունները նախաձեռնել են այս «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը երևի թե այլ՝ քաղաքական նպատակների համար»:

Քաղհասարակության ներկայացուցիչների խոսքով, անցած շաբաթավերջին քննարկել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, որը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով, հավաստիացրել է, որ նոր օրենքը մշակել է իրենց նախարարությունը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյան
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյան

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Ազատության» եթերում այսօր հայտարարեց,թե օրենքի սևագիր տարբերակն է քննարկվել, ինչը Քրմոյանի կարծիքով, անթույլատրելի էր․ - «Այն դրույթները, որոնք որ վիճարկվում են, Արդարադատության նախարարությունը պաշտոնապես որևէ քննարկման չի ներկայացրել: Եթե մենք նպատակահարմար գտնենք նմանատիպ կարգավորումներ սահմանել, մենք հստակ կներկայացնենք մեր գործընկերներին, այդ ժամանակ կպատասխանենք քննադատությանը»:

Քրմոյանը պնդում է, որ տեղեկատվություն չտրամադրելու խնդիր իրենք չեն դրել․ - «Տեղեկատվության ազատության իրավունքը ամրագրված է Սահմանադրությունով: Օրենքով հնարավոր չէ սահմանափակել այդ իրավունքը: Եվ այն սահմանափակումները, որոնք տեսականորեն կարող են օրենքով կիրառվել, կարող են կիրառվել միայն սահմանադրական նորմերի շրջանակում: Սա հստակ է: Այսինքն, հիմնական խաղի կանոնները սահմանվել են Սահմանադրությամբ, և քննադատողները պետք է առնվազն դիտարկեն, թե արդյոք իրավական առումով հնարավոր է շչջանցել Սահմանադրությունը»:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագծի պաշտոնական տարբերակը կներկայացնի մինչև տարեվերջ: Խոստացավ, որ կկազմակերվեն նաև հանրային լսումներ:

XS
SM
MD
LG