Մատչելիության հղումներ

«Մենք Փհենյանին պատերազմ չենք հայտարարել, դա անհեթեթություն է»․ Վաշինգտոն


Հյուսիսային Կորեան փորձարկում է Hwasong-12 տեսակի միջմայրացամաքային հրթիռներ, 16-ը սեպտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան փորձարկում է Hwasong-12 տեսակի միջմայրացամաքային հրթիռներ, 16-ը սեպտեմբերի, 2017 թ.

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ծավալվող, փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող թեժ վեճը հասել է մի սահմանի, որից այն կողմ հնարավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար խիստ վտանգավոր առճակատում:

Փհենյանը պնդում է, որ ԱՄՆ-ն գործնականում պատերազմ է հայտարարել իրեն, մինչդեռ Վաշինգտոնն այդ պնդումը «անհեթեթություն» է որակում, ընդգծելով, որ ցանկանում է հարցի խաղաղ կարգավորում:

Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության արտգործնախարար Ռի Յոնգ Հոն երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ասել է, թե ՄԱԿ-ը և միջազգային համայնքը ցանկանում են, որ Փհենյանի և Վաշինգտոնի վեճը չվերածվի բախման, սակայն «Թվիթերում» նախագահ Դոնալդ Թրամփի գրությունն այն մասին, որ «հյուսիսկորեացիները երկար չեն ձգի» հավասարազոր է պատերազմ հայտարարելուն: «Դա հնչեցրել է Ամերիկայի ներկայիս նախագահը, հետևաբար, դա պատերազմի հայտարարություն է»,- ասել է ԿԺԴՀ արտգործնախարարը:

Նրա փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհը պետք է արձանագրի, որ պատերազմն առաջինը Միացյալ Նահանգներն է հայտարարել: «ՄԱԿ-ի կանոնադրությունը բոլոր երկրներին ընձեռում է պաշտպանվելու իրավունք»,- ասել է Ռի Յոնգ Հոն և ավելացրել՝ Հյուսիսային Կորեան ունի պատասխան միջոցների դիմելու, այդ թվում ամերիկյան ռմբակոծիչները վայր գցելու իրավունք, նույնիսկ եթե դրանք լինեն Հյուսիսային Կորեայի օդային տարածքից դուրս: «Հետո արդեն կտեսնենք, թե ով երկար չի ձգի»,- հավելել է հյուսիսկորեացի նախարարը:

Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքաբի Սանդերսն անմիջապես արձագանքել է Փհենյանի թիվ մեկ դիվանագետին: «Մենք Հյուսիսային Կորեային պատերազմ չենք հայտարարել և, անկեղծ ասած, այդ կարգի ենթադրությունն անհեթեթություն է»,- ասել է խոսնակը:

Փհենյանի առաջնահերթ թիրախներից մեկը համարվող Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանի կոմունիստ-դիկտատորը կիրականացնի ապակայունացնող նոր գործողություններ: «Իրականում շատ հավանական է, որ Հյուսիսային Կորեան նոր սադրանքների կդիմի: Խորաթափանցությունն ու տոկունությունն այս հանգամանքներում Կորեայի և Միացյալ Նահանգների համար հրամայական է: Հարկ է ամեն բան անել՝ կանխելու հետագա սրումը և պատահական բախումը, քանի որ այն շատ արագ կարող է դառնալ անվերահսկելի»,- ասել է Հարավային Կորեայի արտգործնախարար Կանգ Կյունգ Վան:

Նրա փոխանցմամբ, Կորեական թերակղզում նոր պատերազմն անընդունելի է, այն շատ արագ սպառնալիք կդառնա ոչ միայն Ասիայի, այլև ամբողջ մոլորակի համար: «Մենք թույլ չենք տա խոցելի դարձնել 7 տասնամյակ շարունակ անխոնջ աշխատանքի արդյունքում արդիական ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն կերտած մեր քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը»,- նաև ասել է պաշտոնական Սեուլի նախարարը:

Նրա համոզմամբ, դեռ կա հարցի դիվանագիտական կարգավորման հնարավորություն: Դա է նշել նաև Հնդկաստան այցելած Պենտագոնի ղեկավարը: «Մենք շարունակում ենք սատարել դիվանագիտական ջանքերին, միաժամանակ ունենք կարողություններ, որոնք թույլ կտան հակազդել Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Կորեական թերակղզու ճգնաժամին է անդրադարձել նաև այս խնդրում խոհեմություն դրսևորելու կոչեր հնչեցնող պաշտոնական Պեկինը: «Թերակղզու պատերազմում հաղթող չի լինի, դա անընդունելի է տարածաշրջանի համար, մենք դեմ ենք ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի փոխադարձ սպառնալիքների թեժացմանը»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Կանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG