Մատչելիության հղումներ

«Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»․ ԵՄ դեսպան


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է չսպասել և հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։

Այսօր Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ Սվիտալսկին անդրադարձավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ընդգծելով՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ ձեռքբերում է։

«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:

Նա հակիրճ անդրադարձավ նաև նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինում է նախկին՝ Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Հայաստանի՝ ՌԴ ստեղծած Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով:

Դեսպան Սվիտալսկին այսօր ընդգծեց՝ Հարևանության ծրագրի հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, և դա նկատելի կլինի նաև գագաթնաժողովի ընթացքում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը մեծ ուշադրությամբ է հետևում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Սվիտալսկին անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ:

Բայց իրենք նաև չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։ «Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին:

Ասյօրվա քննարկմանը մասնակցում էր նաև Ուկրաինայից ժամանած Իրինա Սուշկոն, ով «Եվրոպան առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավարն է։ Նրան ներկայացնելիս կազմակերպիչները հայտարարեցին՝ Սուշկոն Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում մեծ ներդրում է ունեցել, դրա համար անգամ պարգևատրվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից։ Սուշկոն իր ելույթում շեշտեց՝ Ուկրաինայի օրինակով կարող է ասել, որ եվրաասոցացումը շահավետ է հասարակության համար:

«Առանց վիզայի ռեժիմը միանգամայն իրական գործընթաց է և հասանելի նպատակ։ Եվ այս հարցում ես շատ եմ ուզում ձեզ աջակցել, հարգելի գործընկերներ։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է։ Դուք վիզաների ազատականացման հարցում բավականին լուրջ և գործնական քայլ եք արել, խոսքը վիզաների ազատականացման համաձայնագրի մասին է»,- իր ելույթում ասաց ուկրաինացի հյուրը։

Քննարկման կազմակերպիչ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն էլ նշեց՝ կարծիք կա, թե Հայաստանի հասարակությունը ռուսամետ է, մինչդեռ «այնքան էլ այդպես չէ»: Գրիգորյանն ասաց, թե ամռանը հարցումներ են արել ու պարզել՝ Հայաստանի քաղաքացիների 78 տոկոսը բացասական է գնահատել 2013-ին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG