Մատչելիության հղումներ

Մատենադարանում մեկնարկել է քառօրյա միջազգային համաժողով


Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեց «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային քառօրյա համաժողովը:

Մասնակիցների թվում են ԱՊՀ, Բալթյան, եվրոպական երկրներից, Վրաստանից ժամանած մոտ 5 տասնյակ մասնագետներ՝ թանգարանագետներ, վերականգնողներ, արխիվագետներ և բարձր տեխնոլոգիաների մասնագետներ:

Համաժողովի ընթացքում, ի թիվս ամենատարբեր թեմաներով մասնագիտական քննարկումների, կլոր սեղանների, տեղի կունենան նաև շնորհանդեսներ, վարպետության դասեր և հանդիպումներ այլ թանագարանների մասնագետների հետ:

Մինչև համաժողովի բացումը հրավիրված ասուլիսում Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը շեշտեց․ - «Այս անգամ մասնակցում են աննախադեպ թվով մասնակիցներ: Նաև աշխարհագրությունն այնպիսին է, որ շատ մեծ ընդգրկում ունի: Մասնակիցների մեջ կան շատ հայտնի մասնագետներ այս բնագավառի, տասից ավելի թանգարանների տնօրեններ են այստեղ ներկա, խոշոր մասնագետներ թանգարանային գործի: Հուշարձանների, ձեռագրերի, լուսանկարների և փաստաթղթերի պահպանումը և վերականգնումը ունեն բացառիկ նշանակություն»:

Համաժողովի ղեկավար, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Մատենադարանի աշխատակից Արա Խզմալյանն ասաց․ - «Մենք շատ բան ունենք փոխանցելու մեր գործընկերներին: Մեր վերականգնման բաժինը արդեն 50 տարուց ավելի է, շուրջ 60 տարվա մասնագիտական փորձ ունի ձեռագրերի վերականգնման: Մատենադարանը ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ ապահովելու լիարժեք աշխատանքները և՛ վերականգնման բաժնում, և՛ թվայնացման բաժնում: Մեր աջակիցների և հովանավորների միջոցով տարեցտարի համալրվում են սարքավորումները: Առհասարակ իր մասնագիտական ընդգրկվածությամբ և թեմատիկ ընդգրկվածությամբ գոնե ԱՊՀ տարածքում եզակի է և բացառիկ է»:

Նշենք, որ սա արդեն 7-րդ համաժողովն է, որ կազմակերպում է Մատենադարանը: «Ազատության» հարցին, թե ինչ ձեռքբերումներ են գրանցվել այս մասնագիտական քննարկումների և համագործակցության արդյունքում, Արա Խզմալյանը պատասխանեց․ - «Այս հարթակի շնորհիվ առավել սերտացան Էրմիտաժի և Մատենադարանի կապերը, փոխադարձ այցելությունները: Իրենց մասնագետները գալիս են մեզ մոտ վերապատրաստման, մեր մասնագետները իրենց մոտ են վերապատրաստվում: Գլոբալ արդյունքը և ապացույցը, որ պահանջված նախաձեռնություն է, այն է, որ 2014 թվականին ԱՊՀ երկրների բոլոր վարչապետները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Մատենադարանին շնորհվեց բազային կազմակերպության կարգավիճակ գրավոր մշակույթի, ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում: Կապ ստեղծվեց Հռոմի արխիվային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնի հետ»:

Համաժողովի մասնակիցների թվում է Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը: Ի պատասխան «Ազատության» հարցին, թե որն է ամենակարևորն այսօր թանգարանների արդյունավետ գործունեության համար, նա պատասխանեց․ - «Իհարկե բյուջետային հատկացումներն են ամենակարևորը բոլոր թանգարանների համար: Աշխարհն այսօր լի է ագրեսիայով և թանգարաններն այն մշակութային տարածքներն են, որտեղ բաժանելու ոչինչ չկա: Ի՞նչը պիտի բաժանենք՝ Այվազովսկո՞ւն․ նա և՛ մերն է, և՛ ձերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG