Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու վաղը Կազանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվելու են խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների իրականացման արդյունքները, հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր կոնցեպցիայի մշակման ընթացքը, խորհրդի ձևավորման համաձայնագրին միացած ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցության ուղղություններին և շրջանակներին առնչվող հարցեր, նախատեսվում է նաև խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը և 2018 թվականի գործունեության պլանի հաստատումը:
Դավթյանն այցի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:
ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների կողմից՝ 2013-ի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: