Մատչելիության հղումներ

Սաֆարյան․ Միջնորդների հայտարարությունը ապացույց է, որ ղարաբաղյան գործընթացը փակուղում է


Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո անցած շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունում օգտագործված բառաֆոնդը ապացույց է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է և փորձ է արվում այն ակտիվացնել: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Համանախագահները, հիշեցնենք, իրենց հայտարարությունում նշել են, որ «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը»: Միջնորդներն «ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին, և նրանք քաղաքական կամքի կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար»:

«Եթե նշում են, որ նախագահների հանդիպումը կազմակերպվում է՝ ուղղակի ուսումնասիրելու համար բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները, սա նշանակում է՝ բանակցային գործընթացը ընդհատված է, և Մինսկի խումբը թերևս անուղղակիորեն խոստովանում է դրա մասին, թեպետ դա երբեք գաղտնի չի եղել», - ընդգծեց Սաֆարյանը՝ մանրամասնելով․ - «Այն, ինչ տեղի է ունեցել գոնե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով, եթե անգամ նույնիսկ ընդունենք, որ Ռուսաստանի հովանու ներքո տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ ձևաչափով, միևնույն է՝ դրանք բանակցություններ անվանել չի կարելի»:

Քաղաքագետը մտահոգություն արտահայտեց այն առնչությամբ, որ, իր դիտարկմամբ, «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նյու Յորքից գալիս է, այսպես ասած, չեղարկելու նախկինում տեղի ունեցած այդ ստվերային բանակցությունները, որովհետև ասում են, որ «նոր պիտի որոշենք՝ վերսկսվելու հնարավորություն կա՞, թե՞ չկա»:

«Փաստացի, ամբողջ հայտարարության լեզուն իսկապես առարկայական բանակցությունները վերսկսելու մասին է: Բայց այդ բանակցությունների վերսկսումը այս անգամ տեղի է ունենում՝ մի կողմ թողնելով կամ մոռացության տալով այն իրավիճակը, որ առաջացել էր ապրիլյան պատերազմից հետո՝ որ Ադրբեջանը փաստացի իր գործողություններով վտանգում է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությունը, այլ նաև բանակցային գործընթացը ընդհանրապես», - շեշտեց Ստյոպա Սաֆարյանը:

«Ստացվում է, որ հիմա մոռացության ենք մատնում և համաձայնում ենք մտնել այդ առարկայական բանակցությունների փուլ: Եվ եթե սա է տեքստը, եթե սա է պրոցեսը, ապա ստացվում է, որ իսկապես նախագահների հանդիպման ընթացքում անդրադարձ լինելու է, այնուամենայնիվ, կարգավորման դետալներին», - ասաց քաղաքագետը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG