Անցած շաբաթավերջին Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, թե Թրամփն անուղղելի սխալ է գործել՝ վիրավորանք հասցնելով Կիմ Չեն Ունին, ուստի՝ էլ ավելի անխուսափելի է դառնում հյուսիսկորեական հրթիռների «այցելությունը» ԱՄՆ-ի մայր տարածք: Թրամփի հեգնական արձագանքը տեղադրվել է նախագահի «Թվիթերի» էջում:
Ռի Յոնգ Հոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ասել է, որ միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտությունն անխուսափելի պատասխանն էր Միացյալ Նահանգների ագրեսիվ քաղաքականությանը: «Արդյունքում մենք ստացել ենք միջուկային և հրթիռային տերության կարգավիճակ, դա ձեռք բերելու պատիվն այլևս Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության հավիտենական ճակատագիրն է»,- ասել է ԿԺԴՀ արտգործնախարարը:
Նրա պնդմամբ, Դոնալդ Թրամփը նախագահության 9 ամիսների ընթացքում «Սպիտակ տունը դարձրել է շուկա, որտեղ միայն հաշվիչ մեքենաների աղմուկն է լսվում, իսկ հիմա ուզում է ՄԱԿ-ը վերածել ավազակների որջի, որն ապրում է փողի և արյունահեղության օրենքներով»: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարն ասել է նաև, որ իր երկիրը չի ների գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ունին վիրավորելու հանգամանքը: ԱՄՆ նախագահը Կիմ Չեն Ունին անվանել էր «հրթիռամոլ խելագար, ով անձնասպանի ճակատագիր է ընտրել թե՛ իր, և թե՛ ամբողջ երկրի համար»:
«Թրամփը փորձել է վիրավորանք հացնել իմ երկրի արժանապատվությանը, նա անուղղելի սխալ է գործել և էլ ավելի անխուսափելի է դարձրել մեր հրթիռների այցը բուն Ամերիկայի տարածք, և հենց Թրամփն է անձնասպանի ճանապարհով գնում: Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում անմեղ մարդիկ զոհվեն՝ դրա համար ամբողջական պատասխանատվությունը Թրամփն է կրելու»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն:
Շաբաթ օրը Թրամփն արձագանքել է Փհենյանի սպառնալիքներին: «Քիչ առաջ իմացա, թե ինչ է ասել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը: Եթե նա արտահայտում է այդ կոլոտ հրթիռամոլի հայացքները, ապա հյուսիսկորեացիները երկար չեն ձգի»,- «Թվիթերի» իր էջում գրել է Դոնալդ Թրամփը: Հնդկաստան աշխատանքային այցով մեկնելու ճանապարհին էլ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն է մեկնաբանել Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ պայթեցնելու՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքը: «Դա կլինի մարդկության առողջության, կայունության և միջուկային զենքի չտարածման պայմանագրի նկատմամբ աղաղակող անպատասխանատվության դրսևորում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Փհենյանի և Վաշինգտոնի գերլարված վիճաբանությունը շարունակվում է, բայց արդյո՞ք գործը կհասնի ռազմական առճակատման: Երեկ այդ թեմային է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: НТВ հեռուստակայանի լրագրողի հետ զրույցում նա ասել է, թե Միացյալ Նահանգները չի համարձակվի հարված հասցնել, քանի որ այլևս ոչ թե կասկածում է, այլ հաստատ գիտի, որ Կիմ Չեն Ունը միջուկային զենք ունի: Լավրովն ասել է, թե բնավ չի պաշտպանում Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը, պարզապես փաստում է, որ աշխարհը գիտի այդ ռումբերի մասին, հետևաբար, «աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ անասելի ողբերգություն կլինի, եթե պատերազմ սկսվի»:
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան փորձարկել է ջրածնային ռումբ, որը հզորությամբ մոտ 16 անգամ ավելի ավերիչ էր 1945 թվականին ճապոնական Հիրոսիմայի վրա նետված ամերիկյան ուրանային ռումբի համեմատությամբ: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում Հյուսիսային Կորեան փորձարկում է միջմայրացամաքային հրթիռներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ հասցնել ընդհուպ մինչև Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարածք:
«Նախագահը Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ չի ցանկանում, մենք ամեն ինչ կանենք այն կանխելու համար, մենք դեռ ունենք հարցը տնտեսական և դիվանագիտական լծանկերով կարգավորելու հնարավորություններ: Մեր թիվ մեկ խնդիրը եղել և մնում է Հյուսիսային Կորեայի ռեժիմի խաղաղ ապամիջուկայնացումը»,- CBS հեռուստակայանի հետ զրույցում ասել է հանրապետական սենատոր Քորրի Գարդները: