Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին


Հայաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումներից, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։

«Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը վստահված քվեները լավագույնս վկայում են կուսակցության նկատմամբ ունեցած բարձր վստահության և տարիներ շարունակ կուսակցության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Ձեր կառավարման տարիներին հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը դինամիկ զարգացում է ապրել, նոր որակ է ստացել քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են բարձրաստիճան փոխայցերը, ընդլայնվել ու խորացել են տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերը: Մեզ համար կարևորագույն ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը», - Անգելա Մերկելին գրել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը մեծապես կարևորել է նաև միջկուսակցական կապերի հետևողական զարգացումը` «հատկապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում, որի արժեհամակարգը կիսում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը»:

«Լիահույս եմ, որ ԳԴՀ Բունդեսթագի նոր գումարման նստաշրջանում հայ-գերմանական համագործակցությունն ավելի կընդլայնվի ու կհամալրվի նոր փոխշահավետ ծրագրերով` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG