Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Նալբանդյանի հետ հանդիպմանը «աջակցություն է հայտնել միջնորդների մի շարք առաջարկությունների»


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մի շարք առաջարկություններին: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ առանց հստակեցնելու, թե հատկապես որ առաջարկներն են արժանացել պաշտոնական Բաքվի հավանությանը:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Եվ այդ կապակցությամբ քննարկվել են քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների կողմից: Հանդիպմանը քննարկվել է նաև համանախագահների առաջարկը՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում անցկացնելու հետ կապված հարցեր», - նաև ասել է Հաջիևը:

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, «Ադրբեջանը աջակցություն է հայտնել համանախագահների հնչեցրած մի քանի հետաքրքիր առաջարկներին՝ հակամարտության կարգավորման կառուցողական բանակցությունները շարունակելու համար»:

«Բացի այդ, նախարար Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է տրամաբանական բանակցությունների՝ հակամարտության շուտափույթ կարգավորման հասնելու համար», - ռուսաստանյան գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հնչած նոր առաջարկների մասին ոչ հայկական կողմն է հաղորդում, ոչ էլ հանդիպմանը մասնակցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Իրենց հայտարարությունում միջնորդները տեղեկացնում են, որ տեղի ունեցած «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղիներ գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը»:

Համանախագահները, ովքեր, ի դեպ, առաջիկա հոկտեմբերին պատրաստվում են տարածաշրջան այցելել, ակնկալում են, որ Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին, և նրանք քաղաքական կամք կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար, ասվում է միջնորդների հայտարարությունում:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել անցյալ տարվա հունիսին 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG