Նոր կայուն կոալիցիան Գերմանիայում կձևավորվի մինչև Ծննդյան տոները: Անցած գիշեր, Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բեռլինում այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը:
Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքում Մերկելի կուսակցությունը ստացել է քվեների 32․9 տոկոսը` մոտ 9 տոկոսով ավելի քիչ, քան 2013-ի ընտրությունների ժամանակ:
Գլխավոր ընդդիմադիր ուժը` սոցիալ-դեմոկրատները ստացել են քվեների ընդամենը 20 տոկոսը․ սա սոցիալ-դեմոկրատների ամենահամեստ ցուցանիշն է 1949 թվականից ի վեր: Կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը անցած գիշեր հայտարարեց, որ կուսակցությունը մտադրություն չունի քրիստոնյա-դեմոկրատների հետ «Մեծ կոալիցիա» կազմել և այսուհետ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից:
Գերմանական լրատվամիջոցների կանխատեսումներով՝ Անգելա Մերկելը առաջիկա շաբաթներին ստիպված է լինելու կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցություններ վարել քվեների 10 տոկոսը ստացած Ազատ դեմոկրատների և 9 տոկոս ստացած Կանաչների կուսակցության հետ: