Մատչելիության հղումներ

Փհենյանը սպառնում է «աներևակայելի հզոր» ջրածնային ռումբ պայթեցնել


Սեպտեմբերի 21-ին ԿԺԴՀ հեռուստատեսությունը տարածել է առաջնորդ Կիմ Չեն Ունի հայտարարությունը, Փհենյան
Սեպտեմբերի 21-ին ԿԺԴՀ հեռուստատեսությունը տարածել է առաջնորդ Կիմ Չեն Ունի հայտարարությունը, Փհենյան

ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդները շարունակում են վիրավորել միմյանց:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը պատասխանել է Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ում սեպտեմբերի 19-ի ուղերձում տեղ գտած հայտարարությանն այն մասին, որ «հարկ եղած դեպքում ԱՄՆ կարող է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:

Կիմ Չեն Ունն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի դեմ կիրառել «պատմության ընթացքում նախադեպը չունեցող ամենաբարձր աստիճանի կոշտ հակամիջոցը»: Նա ասել է, որ «Հյուսիսային Կորեայի մասին հրապարակավ խոսելիս ԱՄՆ ղեկավարը պետք է զգույշ լինի»: Բացի այդ, Կիմ Չեն Ունը վիրավորական արտահայտություններով է խոսել Դոնալդ Թրամփի մասին, նրա հոխորտանքը հրապարակել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստակայանը:

«Ես անպայման կրակով կսանձահարեմ այդ ամերիկացի զառամյալին»,- ասել է Կիմ Չեն Ունը: Ի՞նչ աննախադեպ հակամիջոցի մասին է խոսքը: Հյուսիսային Կորեայի արտաքին գործոց նախարար Ռի Յոնգ Հոն Նյու Յորքում, զրուցելով լրագրողների հետ, ասել է, թե հրահանգը միայն Կիմ Չեն Ունն է արձակում, սակայն իր անձնական կարծիքով, խոսքը «աներևակայելի հզորության ջրածնային ռումբի մասին է»:

Կիմ Չեն Ունի պնդմամբ, «Ամերիկայի խելագար նախագահը ծանր գին է վճարելու Հյուսիսային Կորեան ոչնչացնելու սպառնալիքի համար»: Փորձագետների կարծիքով, Փհենյանն ակնարկում է Խաղաղ օվկյանոսում ջրածնային ռումբ պայթեցնելու մասին: Ոչ ոք չգիտի դա վերջրյա՞, թե՞ ստորջրյա պայթյուն կարող է լինել: Մինչ օրս ԿԺԴՀ կոմունիստական ռեժիմը միայն 6 ստորգետնյա միջուկային պայթյուն է իրականացրել, ընդ որում 6-րդը՝ ջրածնային ռումբի, որը շատ ավելի հզոր է պլուտոնիումի կամ ուրանի միջուկով ռումբից:

Ջրածնային ռումբը բաղկածաց է երկու բաղադրիչից: Նախ պայթում է «սովորական» միջուկային ռումբը (ներկայումս օգտագործվում են պլուտոնիումի միջուկներ): Առաջին փուլի պայթյունի հզորությունը կարող է կազմել «ընդամենը» մի քանի կիլոտոն: Դրա արձակած ռենտգենային ճառագայթման, ահռելի ճնշման և և գերբարձր ջերմաստիճանի արդյունքում ռումբի երկրորդ բաղադրիչը՝ դեյտերիումը և տրիտիումը (ջրածնի իզոտոպներ) սեղմվում և դառնում է պլազմա, որն էլ ահռելի ուժգնությամբ պայթյուն է առաջացնում: Այդ երկու փուլերի տևողությունը միկրովայրկյանի մի քանի տասնորդականներով է չափվում:

Չի բացառվում, որ այս անգամ հյուսիսկորեացիները ջրածնային մարտագլխիկը կտեղադրեն միջմայրացամաքային հրթիռի վրա և այն կպայթեցնեն Խաղաղ օվկիանոսի որևէ հեռավոր շրջանում: Այդպիսով Կիմ Չեն Ունը Թրամփին կուղարկի ուղերձ առ այն, որ ի զորու է Երկրի երեսից ջնջել որևէ խոշոր ամերիկյան քաղաք: Առնվազն տեսականորեն...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է կումունիստական Կորեայի սպառնալիքներին: «Կիմ Չեն Ունը հաստատ խելագար է, մեկը, ով չի խորշում իր իսկ ժողովրդին սովի մատնելուց կամ սպանելուց, կենթարկվի այնպիսի փորձությունների, որոնք երբևէ չի տեսել»,- այսօր «Թվիթերում» գրել է Ամերիկայի նախագահը:

Իսկ երեկ նա ստորագրել է հրամանագիր, որով տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: «Ես ընդունել եմ պարտադիր կատարման ենթակա նոր որոշում, որի թիրախը Հյուսիսային Կորեայի հետ առևտուրը շարունակող և ֆինանսական աջակցություն տրամադրող մասնավոր անձինք են կամ ընկերությունները»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումները սպառնալիք են ամբողջ մարդկության համար:

Չինաստանը և Ռուսաստանն այսօր վերստին բոլոր կողմերին կոչ են արել զսպվածույուն դրսևորել և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը կարգավորել դիվանագիտական եղանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG