Բռնակցված Ղրիմի Սիմֆերոպոլի դատարանը այսօր հրապարակելու է ղրիմցի լրագրող Նիկոլայ (Միկոլա) Սեմենայի դատավճիռը, ում մեղադրում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի մեջ: Խոսքը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի նախագիծ "Крым.Реалии"-ի կայքում 2016 թվականին հրապարակված հոդվածի մասին է, որն էլ հիմք է հանդիսացել լրագրողին պատասխանատվության ենթարկելու համար:
Մեղադրող կողմը պահանջում է Սեմենային երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտել՝ երեք տարի մասնագիտությամբ զբաղվելու արգելքով հանդերձ:
Լրագրողը չի ընդունում մեղքը և բազմիցս հայտարարել է, որ իրագործել է ազատ կամարտահայտման իր իրավունքը:
«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Սեմենային համարում է քաղբանտարկյալ: Եվրամիությունը, ԱՄՆ-ը, իրավապաշտպան և լրագրողական մի շարք միջազգային կազմակերպություններ Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել ղրիմցի լրագրողի դեմ դատական հետապնդումից և ազատ արձակել նրան: