Սիրիացի ակտիվիստին և լրագրող դստերը մահացած են գտել Ստամբուլի ասիական հատվածում գտնվող իրենց բնակարանում:
Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 60-ամյա Արուբա Բարաքաթի և 22-ամյա դստեր Խալա Բարաքաթի մարմինները հայտնաբերվել են երեկ այն բանից հետո, երբ նրանց ընկերները դիմել են ոստիկանություն՝ նրանց մասին տեղեկություն ստանալու խնդրանքով:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Արուբա Բարաքաթը հետաքննում էր սիրիական կառավարության կողմից վերահսկվող բանտերում ենթադրյալ խոշտանգումները, նա սիրիական ընդդիմությանը միավորող՝ 2011 թվականին Ստամբուլում ստեղծված Սիրիայի ընդդիմադիր խորհրդի անդամ էր: Խալա Բարաքաթը լրագրող էր և թղթակցում էր սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներին: