Տաջիկստանում քննարկում են վերջերս սահմանված թաղման արարողակարգն ու սուգ պահելու կանոնները:
Նոր փաստաթղթի համաձայն՝ սգո միջոցառումների ժամանակ արգելվում է բարձրաձայն արտասվելը, գլուխը հողի մեջ մտցնելը, սեփական հագուստը պատառոտելը և մազերը պոկելը, դեմքը ճանկռոտելը և «պրոֆեսիոնալ» արտասվողների հրավիրելը: Հանգուցյալի հարազատներին թույլատրվում է լացել, սակայն՝ ցածրաձայն:
Նոր կարգը արգելում է սգո հագուստի սև գույնը՝ փոխարենը առաջարկելով կապույտը:
Սգո արարողության նոր կարգը սահմանել է Տաջիկստանի կրոնի հարցերով հանձնաժողովը՝ Իսլամագիտության կենտրոնի հետ համատեղ: «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկա փուլում խորհրդատվական բնույթ է կրում, սակայն առաջիկայում այն կունենա օրենքի ուժ: