ՄԱԿ-ում փորձագետների հատուկ խումբ է ստեղծվելու, որը զբաղվելու է Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին փաստեր հավաքելով:
Համապատասխան բանաձևի նախագիծը հեղինակել է Մեծ Բրիտանիան՝ իրաքյան իշխանությունների հետ համատեղ: Փաստաթուղթը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 պետությունների՝ այդ թվում Ռուսաստանի կողմից:
Փորձագիտական խմբում ընդգրկվել են ինչպես իրաքյան, այնպես էլ միջազգային քրեագետներ, այն գլխավորելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Փորձագետները հավաքելու և պահպանելու են մարդկության դեմ ջիհադիստների հանցագործությունների մասին վկայող փաստերը:
«Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ են մնում Իրաքի արևմտյան և կենտրոնական շրջանների մի քանի բնակավայրեր: Վերջին ամիսներին ջիհադիստները խոշոր պարտություններ են կրել՝ կորցնելով նախկինում գրաված հսկայական տարածքներ: