Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփին սպառնում է «պատմության ընթացքում աննախադեպ կոշտ հակաքայլերով»


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն, արխիվ

Պաշտոնական Փհենյանը դիտարկում է «պատմության ընթացքում աննախադեպ կոշտ հակաքայլեր» ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու սպառնալիքների, հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդը:

Թրամփին անվանելով «աննորմալ», Կիմ Չեն Ունը վստահեցրել է, թե Սպիտակ տան ղեկավարը «թանկ է վճարելու իր խոսքերի համար»:

Հյուսիսկորեացի առաջնորդի խոսքով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի ելույթը հաստատում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ճիշտ ուղու վրա է գտնվում: «Փոխանակ վախեցնեին կամ կանգնեցնեին՝ նրա խոսքերը ինձ համոզել են, որ իմ ընտրած ուղին ամենաճիշտն է»,- ըստ հյուսիսկորեական պետական գործակալության հաղորդագրության՝ ասել է Կիմ Չեն Ունը:

Սեպտեմբերի 19-ին Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում իր առաջին ելույթի ընթացքում խիստ քննադատության ենթարկեց Փհենյանի քաղաքականությունը և Կիմ Չեն Ունի ռեժիմն անվանեց «միջուկային զենքով ու հրթիռներով զինված ավազակախումբ»: «Միացյալ Նահանգները մեծ ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և դաշնակիցներին, մեզ չի մնա այլ միջոց, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, այդ «հրթիռ-մարդը» [Կիմ Չեն Ունը] իր և իր ղեկավարած ռեժիմի համար անձնասպանության ճանապարհ է ընտրել»,- հայտարարեց նա:

Հակադարձելով՝ հյուսիսկորեացի առաջնորդը Թրամփին խոստացել է «այնպիսի պատասխան, որը կգերազանցի նրա սպասելիքները»՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG