Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Իրականությունը ազատ և զարգացող հայկական երկու պետություններն են


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ հինգշաբթի երեկոյան պաշտպանության նախարարության վարչական համալիրում տոնական ընդունելություն էր հրավիրել և հանդես է եկել ելույթով։

Սարգսյանը անդրադարձել է հայկական պետականության անցած 26 տարիներին և խոստովանել՝ միշտ չէ, որ ժամանակը առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել։

«Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ավելին, պիտի փորձենք հետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ», - հայտարարել է նախագահը:

«Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրի ու ժողովրդի և ընդհանրապես մարդկության ապագային», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը արձանագրել է չորս նախադրյալներ, որոնք կարևորագույն հիմք են վաղվա հաջողությունների․

«Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին:

Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ:

Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է:

Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել»:

«Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ: Նոր տեխնոլոգիաները մարդկանց և ժողովուրդներին հնարավորություն են տալիս համեստ ռեսուրսներով հասնել անհամեմատ մեծ արդյունքների: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում: Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ», - ասել է նախագահը:

«Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման: Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG