Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականներն այցելեցին Գյումրի


Ամերիկացի կոնգրեսականները Հայաստանի Ազգային ժողովում: 19-ը սեպտեմբերի, 2017 թ․

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամներ այսօր Գյումրիում էին: Վերջին երեք օրերի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների 6 հոգանոց պատվիրակությունը տարբեր խմբերի բաժանվելով, շրջել է Հայաստանում ու Արցախում:

Կոնգրեսական Ջեքի Սփիըրն այսօր Գյումիրում հայտարարեց, թե իրենց նպատակն է, որ Կոնգրեսի ֆինանսական հատկացումները Հայաստանին դառնան անդադար․ - «Մեր նպատակն է ապահովել անդադար ֆինանսական հոսք դեպի Հայաստան՝ ի նպաստ տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման և աղքատության կրճատման»:

Կոնգրեսականից հետաքրքրվեցինք՝ աղքատության բավականին բարձր ցուցանիշ է գրանցված Հայաստանում և հատկապես Շիրակի մարզում, կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացնելու ԱՄՆ կոնգրեսը՝ այն կրճատելու համար․ - «Աշխատանքներ են տարվում մասնավորապես գինեգործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարային հայ ներդրողների հետ: Գյուղաբնակ վայրերում գինեգործությունը, բացի աշխատատեղեր ստեղծելուց, ինքնին կարող է շատ լավ զբոսաշրջության նպատակակետ դարձնել, ինչը իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանն ու աղքատության կրճատմանը»:

Կոնգրեսական Աննա Էշուն արդյունավետ գնահատեց եռօրյա այցի արդյունքները․ - «Շատ արդյունավետ երեք օրեր էին: Նախ և առաջ ես ինձ զգացի ինչպես տանը՝ մայրական կողմից հայկական արմատների բերումով: Սա իմ երկրորդ այցելությունն է և ավելի երկարատև է, քան նախորդը: Առաջընթաց ենք նկատել բոլոր ոլորտներում, որոնց մեզ ծանոթացրել են: Ես ներկայացնում եմ Սիլիկոնյան հովիտը Կալիֆորնիայում, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է, և շատ ուրախալի է տեսնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն են Հայաստանում թափ հավաքում ու հանդիսանում թերևս երկրի տնտեսական զարգացման գրավականներից մեկը: Կալիֆորնիան հայտնի է նաև իր գինեգործությամբ, և մենք առիթ ենք ունեցել ճաշակելու սքանչելի հայկական գինիներ: Հույս ունենանք, որ գինեգործությունը նույնպես երկրում կզարգանա: Շատ արգասաբեր, տեղեկատվությամբ հարուստ, շատ արդյունավետ այցելություն էր»:

Գյումրիում կոնգրեսականները այցելեցին «Երեխաների տուն», որտեղ հաշմանդամութուն ունեցող երեխաների խնամքն է կազմակերպվում: Նրանց հետաքրքրում էր ամեն ինչ, նույնիսկ այն, թե արդյոք կենսաբանական ծնողները հետ են վերցնում իրենց երեխաներին, կամ արդյո՞ք նրանց որդեգրում են:

Ամերիկահայ բարերարների միջոցներով Գյումրիում գործող «Դեպի առաջ» կենտոնում էլ եղան, որտեղ տնակներում բնակվող, անապահով ընտանիքների երեխաներ են հաճախում: Կոնգրեսականները իմացան, օրինակ, որ կենտրոնը հնարավորություն է տալիս երեխաներին սնվել, դասերը սովորել, նաև շաբաթվա ընթացքում 2 անգամ լողանալ կենտրոնում:

Կոնգրեսկականներին ուղեկցող «Հայաստան» համակայկական հիմնադրամի ԱՄՆ-ի ատենապետ Մարիա Միհրանյանը կարևորեց կոնգրեսականների այցը թեկուզ այն բանի համար, որ իրենց աչքով տեսան, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում․ - «Հայաստան համահայկական հիմնադրամը օժանդակել է այս աշխատանքին, որ եկել են կոնգրեսականներ Ամերիկայից: Մենք ուզում ենք, որ իրենք շատ բաներ տեսնեն․ մենք իրենց տարել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, Ղարաբաղում տարել ենք Տեխնիկական դպրոցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG