Մատչելիության հղումներ

Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի շուրջ օղակը գնալով սեղմվում է


Փոլ Մանաֆորտ, արխիվ
Փոլ Մանաֆորտ, արխիվ

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են Փոլ Մանաֆորտի և ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի կասկածելի կապերի մասին:

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը պատրաստ է եղել ռուս միլիարդատեր, Կրեմլի հետ սերտ հարաբերություններով հայտնի Օլեգ Դերիպասկային տեղեկություններ հաղորդել Թրամփի նախընտրական արշավի մասին, պնդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով գործին մոտ կանգնած իրենց աղբյուրներին:

«Եթե նրան անհրաժեշտ են ոչ հրապարակային հանդիպումներ՝ տեղեկություններ ստանալու նպատակով, մենք կարող ենք դա կազմակերպել», - ըստ The Washington Post-ի, անցած տարվա հուլիսին գրել է Մանաֆորտը նախկին գործընկերներից մեկին՝ Կոնստանտին Կիլիմնիկին, ով որպես միջնորդ է հանդես եկել Դերիպասկայի հետ հարաբերություններում: Ըստ հաղորդումների, Մանաֆորտը խնդրել է Կիլիմնիկից այս առաջարկը փոխանցել ռուս օլիգարխին, առայժմ, սակայն, անհայտ է՝ ի վերջո հասե՞լ է այն «Ռուսալ» ընկերության նախագահին, թե՞ ոչ: Փոխարենը հստակ է, որ այդ էլեկտրոնային նամակն ուղարկվել է այն օրերին, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Հանրապետական ճամբարի թեկնածուն Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրություններում: Այդ ժամանակ Մանաֆորտը ղեկավարում էր նրա նախընտրական արշավը:

Վերջինիս ներկայացուցիչը հաստատել է նամակի իսկությունը, միաժամանակ պնդել, որ տեղեկատվական որևէ հանդիպում ռուս միլիարդատիրոջ հետ չի կազմակերպվել: «Դա մի անմեղ նամակագրություն էր, որով Մանաֆորտն իրականում փորձում էր Արևելյան Եվրոպայի իր հաճախորդներից ետ ստանալ պարտքերը», - հայտարարել է Մանաֆորտի խոսնակը:

68-ամյա քաղտեխնոլոգը հայտնի է իր խորհրդատվական ծառայություններով, որոնցից ժամանակին օգտվել են Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բոբ Դոուլն ու մի շարք այլ ազդեցիկ պաշտոնյաներ, ընդ որում՝ ոչ միայն Միացյալ Նահանգների տարածքում: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Մանաֆորտը գործնական կապի մեջ է եղել նաև Ուկրաինայի նախկին նախագահ, ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի հետ: Գարնանն էլ Associated Press-ի հետաքննությունը պնդեց, թե Մանաֆորտը առնվազն 50 միլիոն դոլար էլ ստացել է ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայից՝ նախագահ Պուտինի շահերն առաջ տանելու համար: Այն ժամանակ ամերիկացի քաղտեխնոլոգը հաստատել էր, որ աշխատել է ռուս միլիարդատիրոջ համար, միաժամանակ ընդգծել, որ ամեն ինչ օրինական է եղել, և լրագրողները հանիրավի են փորձում իրեն սևացնել:

Դերիպասկան ևս չէր հերքել Մանաֆորտի հետ համագործակցելու լուրերը, պնդելով՝ խորհրդատվությունը միայն բիզնեսին է վերաբերել: Թե որքանով են հավաստի ամերիկյան մամուլի վերջին տեղեկությունները, Դերիպասկան հրաժարվում է ասել, վերջինիս խոսնակը The Washington Post-ի հարցմանն ի պատասխան պնդել է՝ «այդ ենթադրություններն այնքան ստահոդ են և մտացածին, որ մտավախություն ունեմ, թե արձագանքը կարող է դրանց իրականության շղարշ հաղորդել»:

Մինչ այդ, ամերիկյան մամուլը փաստում է, որ Մանաֆորտի շուրջ օղակը գնալով սեղմվում է, վերջինիս գործունեությունն այժմ հետաքննում են Նյու Յորքի գլխավոր դատախազը, Կոնգրեսի միանգամից մի քանի հանձնաժողովներ ու նախագահական նախորդ ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Հենց նրա կարգադրությամբ էլ ամիսներ առաջ Հետաքննությունների դաշնային գործակալության աշխատակիցները առավոտ կանուխ խուզարկել էին Մանաֆորտների առանձնատունը՝ արժանանալով նախագահ Թրամփի քննադատությանը:

«Արդյոք նպատակահարմա՞ր էր նման բան անել վաղ առավոտյան, դա պետք է հարցնեք գործակալներին: Ես միշտ Փոլ Մանաֆորտին համարել եմ արժանապատիվ մարդ: Գուցեև նա՝ ինչպես և շատ ուրիշներ, վարձատրվել է իր խորհրդատվության համար, ո՞վ գիտի, ես չգիտեմ: Սակայն բոլոր դեպքերում նրան այդպես արթնացնելը շատ դաժան է, գուցե ընտանիքն էլ էր տանը, կարծում եմ, դա շատ դաժան է», - օգոստոսին հայտարարել էր ԱՄՆ նախագահը:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ իրականում խնդիրը ոչ այնքան այցելության ժամի անհարմարությունն է, որքան այն, որ այսօրինակ խուզարկություններն իրականացվում են առանց նախազգուշացման, որպեսզի տանտերերը հանցանշանները վերացնելու ժամանակ չունենան: Մանաֆորտների դեպքում դատարանը, ըստ The New York Times-ի, քննիչներին անգամ հատուկ օրդեր է տվել՝ արտոնելով տուն մտնել առանց դուռը թակելու, ինչը շատ հազվադեպ է արվում: Խուզարկությունից հետո, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, քննիչները հազարավոր էլեկտրոնային նամակներ են առգրավել, որոնք նոր լույս կարող են սփռել դեպի Կրեմլ տանող այս պատմության վրա:

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են կտրականապես հերքել իրենց հնարավոր միջամտությունը Միացյալ Նահանգների վերջին նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG