Մատչելիության հղումներ

«Իշխանության ղեկին են մարդիկ, որոնք չգիտեն անկախության արժեքը»


Արամ Մանուկյան և Վարդան Հարությունյան, 21-ը սեպտեմբերի, 2017 թ․

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների խորացումը տանում է անկախության կորստին: Իսկ իրավապաշտպան, խորհրդային շրջանի այլախոհ գործիչ Վարդան Հարությունյանի ընդգծմամբ՝ Հայաստանի անկախության գլխավոր սպառնալիքն անկախության գաղափարը չընկալած իշխանությունն է, «որը մինչև օրս Կրեմլը դիտարկում է իբրև ղեկավար կառույց»:

Անկախ Հայաստանի իշխանության ղեկին հայտնվել են մարդիկ, որոնք չգիտեն անկախության արժեքը: «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով խորհրդային տարիներին՝ 1980 թվականից մինչև 1988-ը «հակասովետական գործունեություն իրականացնելու» մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և 3 տարվա աքսորի: Հարությունյանն իր պատիժը կրել է Ուրալի գաղութներում և Մագադանի աքսորավայրերում:

Հայրենասիրական բանաստեղծություններ գրելու և սեփական իրավունքները պաշտպանելու համար երիտասարդության 8 տարիները խորհրդային բանտերում ու աքսորավայրերում անցկացրած Հարությունյանը շեշտում է՝ Հայաստանի անկախության 26-րդ տարին նշող Հայաստանի համար գլխավոր սպառանալիքն անկախության գաղափարը չընկալած իշխանությունն է, որը մինչև օրս Կրեմլը դիտարկում է իբրև ղեկավար կառույց:

«Այս բոլոր տարիների ընթացքում ես մեկ սպառնալիք եմ տեսնում, ամենալուրջ սպառնալիքը, որից, որպես հետևանք, ծնվում են մնացած բոլոր սպառնալիքները՝ Հայաստանի անկախ հանրապետության իշխանության ղեկին մոտեցել են մարդիկ, ովքեր չգիտեն անկախույան գինը և անկախության արժեքը: Մարդիկ, ում համար այդ գաղափարը չի եղել միտք, իդեա: Մարդիկ, ովքեր մինչև ԽՍՀՄ տապալման վերջին րոպեն պայքարել են անկախության գաղափարի դեմ:

Մենք ունեցել են անկախության գաղափարին խորթ վարչապետներ, բարձրագույն պաշտոնյաներ, ես նկատի ունեմ նրանց հավաքական կերպարը: Դրա համար նրանք մինչ այսօր շարունակում են Կրեմլը դիտարկել որպես ղեկավար կառույց, որին պետք է լսել, ենթարկվել և գնալ այնտեղ՝ ինչ-որ բան խնդրելու»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով՝ ներկայիս վարչապետը, նախարարները, փոխնախարարները, վաչության պետերը, «բոլորն էլ մտնում են այդ համատեքստի մեջ»:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 27 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսին ընթերցեց Հայաստանի անկախության հռչակագիրը, այսօր «Ազատության» հետ զրույցում ցավով արձանագրեց՝ Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների խորացումը տանում է անկախության կորստին: «Ամենամեծ կուրուստը, որը սուբյեկտիվ է և դժվար վերականգնելի, դա ըմբոստ մարդու պակասությունն է: Իշխանությունները ծրագրավորված, համառորեն, երկարաժամկետ ծրագրով քաղաքացուն կոտրեցին: Վերջին ակորդն ընտրություններն էին, երբ քաղաքացին այլևս հույս չուներ՝ գնալ որևէ քաղաքական ուժի ծրագրի հետևից, և ինքը կոտրվեց: Երբ քաղաքացին կոտրված է, այդ երկիրը կործանման ճանապարհին է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ դաժանորեն ոտնահարվում է նաև անկախության հիմնասյուներից մեկը՝ հայոց լեզուն․ «Եվ կարծես դիտավորյալ Անկախության տոնից մի քանի օր առաջ նվեր արեցին այդ ռուսերեն լեզվի հայեցակարգով, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:

Մանուկյանը մտահոգիչ է համարում, որ վերջին շրջանում համայնքերի խոշորացման ծրագրի իրականացման հետևանքով փակվելու են գյուղական դպրոցները, «իսկ որտեղ չկա դպրոց, կյանքի մասին խոսելն անիմաստ է»: Ընդդիմադիր գործիչը վկայաբերում է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց՝ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի դպրոցների շրջանավարտների թիվը 3 անգամ պակասել է: «Դպորցները հետևողականորեն ոչնչացվում են թե՛ աշակարտների թվի նվազմամբ, թե՛ դրանք քաղաքականացնելով և իշխանությունների վերարտադրությունն ապահվելով»,- ասում է Մանուկյանը:

Նրա դիտարկմամբ՝ թեև այսօր համացանցն ազատ է, մամուլի ազատություն կա, սակայն «այդ ամենն առաջիկայում նույնպես հայտնվելու է ճնշումների տակ»: Հայաստանը, ընդդիմադիր գործչի բնորոշմամբ՝ արագացված տեմպերով գնում է դեպի բռնատիրական հասարակարգ: «Իմ նշած պրոբլեմները գնալով խորանում են և այդ պրոբլեմների խորացումը բերում է անկախության կորստին, իսկ անկախության կորուստը բերում է ֆիզիկական կորստի վտանգին:

Լավ կլինի, որ ցնցում չլինի, բայց չի կարող չլինել, որովհետև եթե քաղաքակիրթ ճանապարհը փակվել է, աշխատելու է ոչ քաղաքակիրթ ճանապարհը: Մարդը կարող է ղաչաղ դառնալ, ֆիդայի դառնալ, սասնա ծուռ դառնալ, այս իշխանությունները տանում են հենց դրան: Իսկ դա արդեն վտանգ է անկախության համար: Իսկ էս մարդիկ հարստանում են, օրն իրենց համար գումար է, ամիսը՝ միլիոններ, տարին՝ միլիարդ, սա է իրենց հոգեբանությունը»,- շարունակում է Արամ Մանուկյանը: Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, ի վերջո հանգեցնելու է ցնցումների, ու որքան էլ որ դա անընդունելի է, «իշխանությունն այլ ճանապարհ չի թողնում»:

Այնուամենայնիվ, ՀԱԿ փոխնախագահը լավատես է, կարծում է, որ նման իրավիճակներ պատմության մեջ էլի են եղել, բայց ելքը գտնվել է․ «Այս վիճակից էլ դուրս կգանք, ձմռան նման կուգան ու կերթան»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույնպես լավատես է, ասում է՝ դեռ հույսը մեռած չէ, և մոտ ապագայում նոր ուժեր ի հայտ կգան, որոնք իրապես կհասկանան ու կգնահատեն անկախության արժեքը, կգնահատեն սեփական պետությունն ու կկառուցեն այն երկիրը, «որը երազել ենք»: «Եթե չգա այդ ժամանակը, ուրեմն մենք դատապարտված ենք: Վստահ եմ, որ կգա, մենք ավելի ծանր ժամանակներ ենք ապրել»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG