Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Ջիլիզա գյուղի դպրոցում նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը տեղադրված է և՛ տնօրենի աշխատասենյակում, և՛ ուսուցչանոցում։ Տնօրեն Լաուրա Սարիբեկյանի խոսքով, պարտադիր չէ, բայց ցանկալի է երկրի նախագահի լուսանկարը տեսնել ամենուր՝ համեմատություն անելով անկախ Հայաստանի ղեկավարի և իր մանկության Լենին պապիկի միջև:

«Ուր գնում եմ, համարյա կա, ինչ դուռ էլ բացում եմ, տեսնում եմ, որ մեր ղեկավարի նկարը փակցրած ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարիբեկյանը։ - «Գիտե՞ք ինչն եմ հիշում, որ, այսպես ասած, Լենին պապիկին այդքան շատ էինք սիրում, ու որտեղ էլ տեսնում էինք Լենինի նկարը, դա հրաշք էր ինձ համար, քանի որ ես մանկուց դաստիարակվել էի այդպես: Բայց հիմա չեմ համարում դա պարտադիր, բայց բոլոր դեպքերում ցանկալի է, որ փակցվի նկարը, ով էլ լինի՝ ուղղակի շատ լավ մարդ լինի, հոգ տանի ժողովրդի մասին, կրթությունը առաջ գնա, գիտությունը առաջ գնա»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարիներ շարունակ ուսումնասիրություն է արել՝ տեղեկանալու, թե ինչ հիմքով են կրթական հաստատությունների նախասրահներում, տնօրենների աշխատասենյակներում, որոշ դպրոցներում անգամ բոլոր դասասենյակներում կախում Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Ակումբն այդ մասին հարցումներ է ուղարկել տնօրեններին, ինչպես նաև Կրթության ու գիտության նախարարություն և պարզել, որ ոչ մի իրավական ակտ, որը պարտադրում է դպրոցներում տեղադրել նախագահի լուսանկարը:

«Էս տնօրեններից որևէ մեկը չի համարձակվում լուցկու տուփից դուրս գալ, ասել՝ դա իմ պարտականությունը չէ այդ նկարը առնել կախելը, որևէ իրավական ակտով ես պարտավոր չեմ դա անել, չեմ անելու: Ահաբեկված են հաստատապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Սահմանադրությամբ Հայաստանի խորհրդանիշեր են համարվում Հանրապետության դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Երկրի նախագահի մասին՝ որպես խորհրդանիշ որևէ նշում չկա։ Մինչդեռ գրեթե բոլոր դպրոցների նախասրահներում դրոշի ու զինանշանի կողքին փակցված են նաև Հանրապետության նախագահի և կաթողիկոսի լուսանկարները։

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի դպրոցի տնօրեն Թամարա Սուվարյանը ասում է, թե իրենց դպրոցի «Փառքի անկյուն»-ում փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը գրախանութից իր անձնական միջոցներով է ձեռք բերել՝ այն ևս համարելով Հայաստանի խորհրդանիշ․ - «Սա խիստ դաստիարակչական է, որպեսզի այնտեղ, որտեղ կրթվում և դաստիարակվում են մեր աշակերտները, ծանոթ լինեն, քաջատեղյակ լինեն պետական խորհրդանիշերին»:

Նույն իրավիճակն է նաև համայնքապետարաններում։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ղեկավարի աշխատասենյակում պետք է տեղադրվեն դրոշն ու զինանշանը։ Նախագահի լուսանկարի մասին այս դեպքում էլ որևէ նշում չկա։ Բայց Լոռու մարզի մեր այցելած բոլոր համայնքների ղեկավարների աշխատասենյակում այն տեղադրված էր։

Մարզի 4 կին գյուղապետերից մեկը՝ Բազումի համայնքապետ Սրբուհի Հարությունյանը կարևոր է համարել իր գլխավերևում նախագահ Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը փակցնելը․ - «Ես վաբշե սիրել եմ, որ կահավորած ըլի իմ սենյակը․․․ Ո՞ւմ նկարը դնենք, բա։ Չէ՛, պետք ա Հանրապետության նախագահի նկարը ըլնի»։

Շնողի 38-ամյա գյուղապետ Դավիթ Ղումաշյանը, ով նաև Հանրապետական կուսակցության անդամ է, Սերժ Սարգսյանի լուսանկարը կախել է աշխատասենյակի՝ իր համար տեսանելի հատվածում: «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Նախագահը մեր կուսակցության ղեկավարն է: Մեր աչքի առաջ է, մենք էլ՝ իրա»։

Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը պնդում է, թե համայնքների ղեկավարներին Սերժ Սարգսյանի լուսանկարը պարտադիր տեղադրելու մասին որևէ հրահանգ չի եղել։ Նա ասաց, որ համայնքների ղեկավարներն իրենց ցանկությամբ են լուսանկարը ձեռք բերում ու տեղադրում, բայց հավելում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմից դեռ 2013 թվականին նախագահի լուսանկարի օգտագործման մասին գրություն են ստացել ու դրանք հասցեագրել բոլոր կառույցներին, այդ թվում համայնքապետարաններին։

«2013 թվականին մենք մի գրություն ստացանք, որտեղ որ առաջարկվում էր՝ ովքեր որ ցանկություն կունենան, ովքեր որ ցանկություն կունենան, նորից եմ կրկնում, նախագահի նկարը օգտագործելու, ընդեղ տրված էր չափսերը, որ օգտագործվի միայն 40-ը 50-ի վրա սմ չափսի և անփայլ լուսանկար։ Բայց տեղական ինքնակառավարման մարմիններին հատուկ որևէ բան որպես էդպիսին, որ նախագահի նկարը պետք է փակցվի նստավայրում, դա իրենց որոշելիք խնդիրն է»:

Այժմ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված է Սերժ Սարգսյանի լուսանկարի ձևափաչը՝ ներբեռնելու հնարավորությամբ։ Չպարտադրված առաջարկից հետո որոշ համայնքապետեր Սերժ Սարգսյանի՝ իրենց աշխատասենյակում տեղադրված լուսանկարը համապատասխանեցրել են նոր պահանջներին:

«Ես ունեցել եմ նկարը փոքր, ասեցին, որ մարզպետարանում մեծը կա: Ես փոքրը հանեցի, մեծը դրեցի», - ասաց Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանը:

Լոռու մարզի Թումանյան քաղաքի քաղաքապետ Լևոն Զավարյանն իր գլխավերևում՝ զինանշանի կողքին Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի նկարն էր կախել։ Սերժ Սարգսյանի լուսանկարը պահանջված ձևաչափով մի քիչ հեռու՝ պահարանի վրա էր տեղադրված։

«Թումանյանի աշխարհն ա, դրա համար էլ միշտ էլ իմ գլխավերևը, էս արդեն 20 տարի ա ինքը իմ գլխավերևում ա ընդհանրապես։ Նենց որ, Թումանյան աշխարհում ամենամեծ մարդը Թումանյանն ա․․․ Չգիտեմ ով ինչ կարծիք ունի, ինձ համար ամենամեծ մարդը Թումանյանն ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զավարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG