Իրանում երեկ հրապարակավ կախաղան են հանել 42-ամյա Էսմայիլ Ջաֆարզադեին, ով մահվան է դատապարտվել 7 տարեկան աղջկա բռնաբարելու և սպանելու համար:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մահապատիժն ի կատար է ածվել Արդեբիլի շրջանի Պարսաբադ ավանում՝ հազարավոր բնակիչների, այդ թվում երեխաների ներկայությամբ:
Արդեբիլի դատախազ Նասեր Աթաբատին ասել է, որ հանցագործին հրապարակավ են կախաղան հանել «քաղաքացիների մոտ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու և մարդկանց խաթարված հոգիները հանգստացնելու համար»:
Բռնաբարության զոհը՝ Ատենա Ասլանին, անհետացել էր այս տարվա հունիսին: Հետագայում ոստիկաններն աղջնակի դին հայտնաբերել են Ջաֆարզադեի ավտոտնակում:
«Միզան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ջաֆարզադեն խոստովանական ցուցմունք է տվել:
Այդ հանցագործությունը աննախադեպ վրդովմունք է հարուցել ամբողջ երկրում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին այն անվանել է «հրեշավոր» և պահանջել է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել հանցագործին: