Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր Եռաբլուրում հայտարարեց, որ համահայկական ընդվզման օր է նախապատրաստում։ Դրա նպատակը, ընդդիմադիր գործչի խոսքով, իշխանափոխության միջոցով ժողովրդավար պետություն ստեղծելն է և սա լինելու է նպատակին հասնելու առաջին քայլը։

«Մենք այդպիսի գործընթացի միջոցով անվստահություն և մերժում ենք հայտնում գործող ապօրինի իշխանություններին», - հայտարարեց Փոստանջյանը: - «Ոչ թե անվստահություն, այլ՝ ընդգծում ենք, որ նրանք դավաճան են»:

Այս տարի ստեղծված ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ընդվզումը կենտրոնացված չի լինելու, ցանցային պայքար են տանելու։ Վերջնական նպատակը համակարգային փոփոխություններն են։ Դրան հասնելու համար մարդիկ պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին և գիտակցեն, որ ամեն ինչ իրենցից է կախված։ Հենց այդ նպատակով վաղվանից Փոստանջյանը աջակիցների հետ ուղևորվելու է մարզային հանդիպումների։

«Վաղը լինելու ենք Շիրակի մարզում և քաղաքացիներին պատրաստելու ենք այդ ընդվզման օրվան», - մանրամասնեց նա:

Ազգային ժողովի նախկին պատգամավորը չհստակեցրեց, թե կոնկրետ ե՞րբ է լինելու ընդվզման օրը, ասաց, որ դա պարզ կլինի նախապատրաստական փուլից հետո, բայց պարտադիր մինչև 2018 թվական։ Հարցին, թե ինչպես կվերաբերվի, եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին՝ նախագահական ժամկետի ավարտից հետո դառնա վարչապետ, Փոստանջյանը պատասխանեց՝ անձերը իրենց համար կարևոր չեն:

«Մենք գտնում ենք, որ այն վերնախավը, որը գործել է այս 25 տարիների ընթացքում, երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է: Դա և՛ Սերժ Սարգսյանն է, և՛ մնացած բոլոր անձիք», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը: - «Մենք գտնում ենք, որ անունները եթե փոխվում են, դրանից ոչինչ չի փոխվելու: Մենք գտնում ենք, որ պետք է ապամոնտաժել այս ամբողջ համակարգը և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ»:

Փոստանջյանը Անկախության օրվա իր ուղերձը ընթերցում էր Եռաբլուրում՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարի դիմաց։ Ասաց, որ անկախության թիվ մեկ վտանգը, իրենց կարծիքով, գործող իշխանությունն է։ Ամոթ է, որ հայկական երկու պետություններից մեկը մյուսին դեռ պաշտոնապես չի ճանաչել և չեն միացել, դեռ մի բան էլ Երևանը բանակցում է Ղարաբաղի հարակից հողերը հանձնելու համար։

Փոստանջյանի պնդմամբ՝ Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին, միասնական ընտրություններ անցկացվեն, որի նախապատրաստական աշխատանքներով իշխանափոխությունից հետո կզբաղվի ժամանակավոր կառավարությունը: Ըստ նրա՝ Սփյուռքի և Հայաստանի հայերի մասնակցությամբ պետք է անցկացվի գլոբալ հայկական համազգային համաժողով, որն էլ կընտրի ժամանակավոր կառավարության կազմը։

«Երկիր Ծիրանիի» առաջնորդը շեշտեց, որ առանց Սփյուռքի աջակցության Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հաղթել ավտորիտարիզմը։ Սփյուռքում ապրող Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ միայն բարեգործությամբ սահմանափակվելը բավարար չէ։ Այն հարցին էլ, թե ունե՞ն արդյոք ռեսուրս համազգային ընդվզման օր անցկացնելու համար, Փոստանջյանը դրական պատասխանեց։

«Մեր զենքը՝ մեր հայրենակիցներն են», - հայտարարեց նա:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի խոսքով՝ ապագա Հայաստանը երբեք հող չի զիջելու, այլ միայն ընդլայնվելու է, իսկ քաղաքական դաշտում նոր սերունդն է իր խոսքը ասելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG